Ղազախստանը հերքել է Սիրիա ուժեր ուղարկելու մասին բանակցությունների առկայությունը

Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է Սիրիայի անվտանգության գոտիներում իր ուժերը տեղակայելու վերաբերյալ բանակցելու մասին լուրերը: Այս մասին նշվում է Ղազախստանի ԱԳՆ կայքում: 

Երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ղազախստանն իր ստորաբաժանումները Սիրիա ուղարկելու վերաբերյալ որևէ մեկի հետ չի բանակցում, իսկ  Սիրիայի անվտանգության 4 գոտիների անվտանգություան և արդյունավետության հարցերը դրա երաշխավոր երկրների իրավասության ներքո են:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, թե Սիրիայի անվտանգության գոտիներում ուժեր տեղակայելու համար Ռուսաստանը առաջարկ է ներկայացրել նաև Ղազախստանին և Ղրղզստանին: Այդ մասին հայտնել էր Reuters լրատվական գործակալությունը, ինչպես նաև մի շարք թուրքական լրատվակայքեր:

Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ Սիրիայի կառավարությունը և ընդդիմադիր ուժերը պայմանավորվել էին մայիսի 4-ին Աստանայում: Նախատեսվում էր ստեղծել անվտանգության 4 գոտի, սակայն դրանց հստակ սահմանների հարցում այդ ժամանակ դեռ չէին պայմանավորվել:

Անվտանգության գոտիների ստեղծման համաձայնագիր կատարման երաշխավորի դեր ստանձնել էին Թուրքիան, Ռւոսաստանը և Իրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *