Միացյալ Նահանգները Սիրիայի ափերի մոտ զորք են կենտրոնացնում

Դեկտեմբերի 5-ին ամերիկյան «USS Eisenhower» ավիակիրը Պարսից ծոցից անցել է Սուեզի ջրանցքը և մոտեցել Սիրիայի ափին, հաղորդում է «RussiaToday.com» լրատվակայքը:

Բրիտանական «Times» օրաթերթը գրում է, որ Բարաք Օբամայի վարչակազմը Սիրիայի ճգնաժամին միջամտելու հայտարարություն դեռ չի արել, բայց առաջիկա օրերին ԱՄՆ զորքերը պատրաստ կլինեն նախագահի հրամանը կատարելու, եթե նա այդպիսի որոշումը ընդունի:

«USS Eisenhower» ավիակիրում տեղակայված են մոտ 8000 զինծառայողներ և 8 ռմբակոծիչ ավիաջոկատներ: Բացի այդ Սիրիայի ափերի մոտ է նաև «USS Iwo Jima» ռազմանավը՝ ծովային հետևակի 2500 մարտիկներով:

«RussiaToday.com»-ը գրում է, որ եթե Միացյալ Նահանգները միջամտելու որոշում կայացնեն, ապա ներկա պահին ունեն 10,000 զինծառայող, 17 ռազմանավ, 70 կործանիչ:

ԱՄՆ զորքերի տեղակայումը պայմանավորված է դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ում հնչած անանուն աղբյուրների հաղորդագրությունների, ըստ որոնց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պատրաստվում է քիմիական զենք օգտագործել ապստամբների դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ Սիրիայի արտգործնախարարության խոսնակ Ջիհադ Մաքդիսին հայտարարել էր, որ Սիրիան երբեք քիմիական զենք չի օգտագործի սեփական քաղաքացիների դեմ, սակայն պատրաստ է դրանք օգտագործել արտաքին թշնամիների դեմ։

Մինչ այդ «Syria Tribune» լրատվակայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ ապստամբ «Kateebat A Reeh Al Sarsar» խմբավորումը թուրքական «Tekkim» արտադրության քիմիական նյութեր է փորձարկում նապաստակների վրա: Նապաստակների սատկելուց հետո, հակագազ հագած մարդն ասում է. «Տեսա՞ք ինչ եղավ, սա լինելու է ձեր ճակատագիրը՝ անհավատ ալավիներ, Աստված վկա, այս նապաստակների նման սատկելու եք»:

Հիշեցնենք, որ հունիսին տեղեկություն էր տարածվել, թե Սիրիայի ապստամբները քիմիական զենք են ձեռք բերել և պատրաստվում են այն օգտագործել` Սիրիայի կառավարական ուժերին այնուհետև մեղադրելու նապատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *