Քրդերը ԻՊ դիրքերի կոորդինատները ԱՄՆ ուժերին են փոխանցում Whatsapp-ով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման գործողություններում արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) ԻՊ թիրախների կոորդինատները ամերիկյան կողմին փոխանցում են Whatsapp հավելվածի միջոցով:

Այս մասին SDF-ի մարտիկները պատմում են Ռաքքայում ընթացող գործողությունների մասին արաբական «Ալան» լրատվակայքի ռեպորտաժում: SDF-ի մարտիկները իրենց մոտ ունեն iPad-ներ, որոնց միջոցով էլ փոխանցում են տվյալները:

Ռոպորտաժը պատրաստած լրագրող Յենան Մուսան թվիթերի իր էջում ևս հայտնում է այդ մասին՝ նշելով, որ SDF-ի քուրդ մարտիկները թիրախների վայրերը պարզում են, նշում Գուգլի քարտեզներում, ապա դրանց կոորդինատները Whatsapp-ի միջոցով հաղորդում ամերիկյան կողմին:

Նշենք, որ Ռաքքայի ազատագրման գործողություններում ԱՄՆ օդուժը ակտիվ ավիահարվածներ է հասցնում քաղաքում ԻՊ դիրքերին: Ավիահարվածներին զուգահեռ քաղաքին հրետանային հարվածներ են հասցնում նաև ԱՄՆ ծովային հետևակի հրետանային ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *