Արցախի կառավարությունը կմարի զինծառայողների՝ բնակարանի գնման հիպոտեկային վարկի տոկոսները

Արցախի կառավարության այսօրվա՝ հունիսի 22-ի որոշումներից մեկով զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիպոտեկային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության կայքը:

Արցախի վարչապետը սպաներից մեկին է հանձնում բնակարանի բանալիները

Արցախի վարչապետը սպաներից մեկին է հանձնում բնակարանի բանալիները (արխիվ)

Սուբսիդիան կտրվի հիպոտեկային վարկով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում:

Արցախի վարչապետը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:

Միաժամանակ Արցախի կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար:

Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաև 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որոնցում.

  • ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է
    • կամ զոհվել (մահացել) է Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ
      • և կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս,
  • կամ երեխաների միակ ծնողը մահացել է,
  • կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի:

Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *