Այսօր կեսօրից հետո հայկական կողմը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մեկնարկած պատժիչ գործողությունների արդյունքները, իսկ ադրբեջանական կողմն արդեն իսկ հայտնեց մեկ զոհի մասին։ Ադրբեջանի դիպուկահարների գործողություններին և դրանց համար պատասխանատվությանն է անդրադարձել Հայաստանի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Մամուլը չի շրջանցել նաև նախազորակոչային անկարգությունները։ Թուրքիան՝ անօդաչու հետախուզական ինքնաթիռների համար, Իսրայելի նկատմամբ տույժ է սահմանել։
- Հայկական կողմն անցել է պատժիչ գործողությունների. ՊԲ հետախուզության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 20–25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տվել են մինչև 7 զոհ և վիրավոր:
- Ադրբեջանական կողմն արդեն իսկ խոսեց մեկ զոհի մասին. մահացել է 19-ամյա զինծառայող Էլմար Սամեդ օղլու Հաբիբզադեն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ադրբեջանցի դիպուկահարների գործողություններին և դրանց համար կրվող պատասխանատվությանը.
- «Նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք։ Եթե նրանց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար, իրոք, շատ թանկ արժե: Սա բոլորը պետք է լավ հիշեն: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի»։
- «Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»։
- «Սահմանում անհանգիստ վիճակը կմեղմվի, որովհետև դա մեր ցանկությունն է, որովհետև մարդկային բանականությունը դա է պահանջում: Գիտե՞ք, որպեսզի որևէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք և նաև համոզմունք, եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ոչինչ էլ չենք կարող անել»։
Տպագիր մամուլն էլ անդրադարձել է «Արմենիա» բժշկական կենտրոնում զինակոչիկների հանդեպ ցուցաբերվող ոչ քաղաքակիրթ վերաբերմունքին՝ նշելով, որ նախորդ հրապարակումից հետո խնդիրը մասամբ լուծվել է և զինակոչիկներին ընդունում են ոչ կամայական ձևով և կատարում են ամբողջական ստուգում։
Իսկ վերջում անդրադառնամ թուրքական «անհաջողությանը». Թուրքիան՝ քուրդ զինյալների դեմ գործածելու համար, Իսրայելից գնել էր 10 Heron(անօդաչու հետախուզական ինքնաթիռ), սակայն, դրանցից 3-ը կործանվել են, 2-ը դարձել են լրիվ անպիտան, 3-ը թռչում են միայն պահեստային շարժիչով։ Արդյունքում՝ 5 Heron-ներ՝ վերանորոգման նպատակով ուղարկվել են Իսրայել, սակայն ցայժմ չեն վերադարձվել և Թուրքիան, առքուվաճառքի համաձայնագրի համաձայն, տույժ է սահմանել Իսրայելի նկատմամբ։