ՀՀ ՊՆ-ն ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից 3 մլրդ դրամ կուղղի սեփական ծախսերին

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստի ընթացքում որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոց­ներից եկամուտների նվազեցման եղանակով 3 մլրդ դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Փոխանցվող 3 մլրդ դրամից 1 մլրդն ուղղվելու է զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելուն և բնակարանային պայմանների բարելավելուն:

Մնացած 2 մլրդ դրամն օգտագործվելու է «ռազմական պաշտպանության» բնագավառում, այդ թվում՝ շենքերի և շինությունների շինարարություն:

Նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների թվաքանակը կազմում է 2000:

Դրանցից 62 ընտանիքի (հաշվառման մեջ գտնվողների 3,1%-ին) 2017-ին պետբյուջեով հաստատված կես միլիարդ ՀՀ դրամ հատկացումների շրջանակներում նախատեսվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել:

3 մլրդ դրամից մեկ միլիարդ դրամով նախատեսվում է 2017-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացող այդ ընտանիքների թվաքանակը ավելացնել 142-ով:

«… Որոշման նպատակը պայմանավորված է ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխումը, որով լուծվում է զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրը: Յուրաքանչյուր տարի կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 մլն դրամի շրջանակում, այս փոփոխությամբ, կատարելով ՀՀ նախագահի հանձնարարականը, կլուծվի բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը», — կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է «Արմենպրեսս» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ նախագահը հայտարարել է, որ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը:

«Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար», — նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը հանձնարարել է նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *