Բալթիկ ծովում ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը մոտեցել է ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Ֆ-16 կործանիչին: Ռուսաստանյան կողմը միջադեպը պարզաբանում է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կործանիչը մոտեցել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որը թռչում էր Կալինինգրադ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ ՊՆ «Զվեզդա» պաշտոնական հեռուստաալիքը հրապարակել է միջադեպի տեսագրությունը, որտեղ երևում է՝ ինչպես է Սու-27-ի մոտենալուց հետո Ֆ-16 կործանիչը հեռանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի գրասենյակում հայտնել են, որ սա ստանդարտ ընթացակարգ է. ՆԱՏՕ-ի օդաչուները տեսողական նույնականացում են իրականացնում և միշտ պահում են անվտանգ հեռավորություն, իսկ առաջադրանքի կատարումից հետո կործանիչները հեռանում են:
Գործակալությունը փոխանցում է. Լեհաստանը հայտարարել է, որ միջադեպին մասնակցել է իր ռազմաօդային ուժերի Ֆ-16 կործանիչը. մասնավորապես՝ հունիսի 21-ին տագնապ են ստացել, 2 միավոր Ֆ-16 կործանիչներ հայտնաբերել են ռուսաստանյան 3 ինքնաթիռ, որոնցից մեկը եղել է Տու-154, մյուս երկուսը՝ Սու-27-ներ՝ օդ-օդ դասի հրթիռներով զինված:
Նշենք, որ սա վերջին օրերին առաջին միջադեպը չէ Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում: Հունիսի 19-ին Ռուսաստանի ԶՈւ Սու-27 կործանիչի և ամերիկյան Boeing RC-135 հետախուզական ինքնաթիռի միջև միջադեպ էր տեղի ունեցել , Ռուսաստանի օդային տարածքը հսկող համակարգերը պետական սահմանին մոտեցող օդային օբյեկտ էին հայտնաբերել։ Դրանք որսալու համար Բալթյան նավատորմի ՀՕՊ հերթապահ ուժերի Սու-27 կործանիչ էր օդ բարձրացվել:
Մերձբալթյան հանրապետությունների օդային տարածքը վերահսկում է ՆԱՏՕ-ն, քանի որ այդ երկրները չունեն այս խնդիրն իրականացնելու համար բավարար ռազմաօդային ուժեր։