Բալթիկ ծովի օդային տարածքում միջադեպ է եղել ՌԴ և ԱՄՆ ռազմական ինքնաթիռների միջև

Հունիսի 19-ին Ռուսաստանի ԶՈւ Սու-27 կործանիչի և ամերիկյան Boeing RC-135 հետախուզական ինքնաթիռի միջև միջադեպ է տեղի ունեցել Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում:

Ռուսաստանի օդային տարածքը հսկողհամակարգերը պետական սահմանին մոտեցող օդային օբյեկտ են հայտնաբերել։ Դրանք որսալու համար Բալթյան նավատորմի ՀՕՊ հերթապահ ուժերի Սու-27 կործանիչ է օդ բարձրացվել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Օդ բարձրանալուց հետո Սու-27 կործանիչը թռչող օբյեկտը նույնականացրել է ամերիկյան Boeing RC-135 հետախուզական ինքնաթիռի հետ: Ըստ ռուսաստանյան կողմի՝ այդ միջադեպից 10 րոպե անց ևս մեկ ամերիկյան Boeing RC-135 ինքնաթիռ է հայտնվել Բալթիկ ծովի օդային տարածքում, որը Սու-27-ը նույնպես որսացել է: ՌԴ ՊՆ հայտնել է նաև, որ ամերիկյան ինքնաթիռը «սադրիչ մանևրեր է իրականացրել»:

Հունիսի 20-ին ԱՄՆ Պենտագոնը մեղադրել է ռուսաստանյան կողմին, որ «Սու-27 ինքնաթիռը իրենց ինքնաթիռը որսալու ժամանակ անզգույշ է եղել, և օդաչուն շատ արագ է եղել ու քիչ վերահսկելի»: Պենտագոնի խոսնակ Ջեֆ Դեյվիսը նաև հերքել է այն, որ իրենց ինքնաթիռը սադրիչ մանևրեր է իրականացրել:

Նախորդ հայտնի միջադեպը ռուսաստանյան և ամերիկյան ինքնաթիռների միջև եղել է մայիսի 9-ին Սև ծովի միջազգային օդային տարածքում: Այդ ժամանակ միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ ՍՈւ-30 կործանիչի միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *