Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրն ուղարկվել է ՌԴ նախագահի վավերացմանը

Այսօր՝ հունիսի 19-ին, Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռևս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին և ուղարկել է ՌԴ նախագահի վավերացմանը: ՌԴ կառավարության այս որոշումը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում:

Հայաստանի Ազգային ժողովն այս համաձայնագիրը դեռ չի վավերացրել:

Հայաստանը և Ռուսաստանն այս համաձայնագիրը ստորագրել են 2016թ նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի սորաբաժանումների մի մասը:

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ

Մինչ այս այդ զորախումբը ևս գործում էր, և դեռևս 2000թ սեպտեմբերին Հայաստանն ու Ռուսաստանը կնքել էին «ՀՀ և ՌԴ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիրը»:

ՀՀ պաշտպանության նախարարը 2016թ. նոյեմբերին նշել է, որ տարածաշրջանում կայունության պահպանման առումով խնդրահարույց են նաև Ադրբեջանի գործողությունները։ Այդ սպառնալիքները ստիպում են, որպեսզի հայ-ռուսական միացյալ զորախումբն ուշադրության կենտրոնում պահի մի քանի ուղղություն, այդ թվում՝ ոչ միայն «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս», ինչպես որ ավանդաբար եղել է։

Ավելի ուշ՝ դեկտեմբերին, Վիգեն Սարգսյանը վրացական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել Վրաստանի դեմ:

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ: Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Միացյալ զորախմբի առավել խոշոր զորավարժություններից մեկն անցկացվել է 2014թ. սեպտեմբերին Արագածոտնում: Պայմանական հակառակորդը «Օսմանիայի Հանրապետությունն» էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *