ՊԲ զորամասերի սպառազինության պատասխանատուների հավաքների ժամանակ քննարկվել է «վերջին ժամանակներս» Պաշտպանության բանակը համալրված նոր սպառազինության և զինտեխնիկայի շահագործման կարգը, դրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները: Այս մասին նշված է ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հունիսի 17-ի թողարկումից:
Թե ինչ տիպի սպառազինության մասին է խոսքը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով միայն, որ այն «ժամանակակից սպառազինություն է»:
Հրամանատարական հավաքներն անցկացվել են ՊԲ 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ներգրավվել են պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի զրահատանկային, հրթիռահրետանային սպառազինության և ավտոծառայության պետերը, տեխնիկական մասերի ավագ սպաները և հրետանու պետերի սպառազինության գծով տեղակալները:
Հավաքների ընթացքում անցկացվել են մարտավարական և մարտավարամասնագիտական պատրաստության վրա: Պարապմունքները եզրափակվել են ստուգարքներով:
Նույն թողարկումից հայտնի է դարձել, որ հունիսի 12-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են բանակի հրամանատարների տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքները, համապատասխան պաշտոնատար անձինք ՊԲ հրամանատարի կողմից հանձնարարականներ և ցուցումներ են ստացել: