Հունիսի 18-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուռսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերումը սկսվելու է այս տարվա հուլիսին:Փոխանցում է Deutsche Welle լրատվական գործակալությունը:
Նա նաև հայտնել է, որ «Ինջիրլիք» ավիաբազայից գերմանական զորքերի տեղափոխումը Հորդանան կտևի մոտ 3 ամիս, այսինքն հուլիսին սկսելու դեպքում զորքերի դուրսբերումը կավարատվի 2017-ի սեպտեմբերին:
«Մինչև հունիսի վերջ մեր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում: Դրանից հետո մենք կսկսենք ինքնաթիռների տեղափոխումը որքան հնարավոր է շուտ», — ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայից Հորդանան տեղափոխման հետևանքով Գերմանիայի ԶՈւ առաքելությունը Մերձավոր Արևելքում որոշ ժամանակ կդադարեցվի: Ըստ նրա՝ Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռների և անհրաժեշտ տեխնիկայի դուրս բերումը փոքր-ինչ երկար կարող է տևել, ինչի արդյուքնում ինքնաթիռները հավանաբար կվերսկսեն թռիչքները հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Գերմանիայի կառավարությունը որոշել է հանել ԶՈւ ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Գերմանիայի զինուժը և «Տորնադո» կործանիչները տեղափոխվելու են Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազա:
Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների լարծավության պատճառն այն է, որ 2017-ի մայիսին Գերմանիան նախնական քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Սրանից անմիջապես հետո Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին:
Թուրքիան Գերմանիայի պատվիրակությանը չէր թույլատրել այցելել Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին նաև 2016-ի հուլիսին, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
«Ինջիրլիք» ավիաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ծառայություն էր իրականացնում Գերմանիայի ԶՈւ շուրջ 250 զինծառայող: Այդ ավիաբազայում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքման համար: