Հունիսի 18-ին ԱՄՆ օդուժի F-18E կործանիչը Սիրիայի Տաբկայի շրջանում խոցել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ: Տաբկայի հարավային շրջաններում ցամաքային բախումներ են եղել նաև Սիրիայի կառավարական ուժերի և ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմակրատական ուժերի» (SDF) միջև:
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 18-ի գիշերը կառավարական ուժերը հարձակվել են SDF-ի վերահսկողության տակ գտնվող Տաբկայի շրջանի հարավային Ջադինի հատվածի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է կառույցի մի քանի անդամ:
Կառավարական ուժերի առաջխաղացուման կասեցման համար օդ են բարձրացվել միջազգային կոալիցիայի կործանիչները:
Նշվում է, որ կառավարական ուժերի Սու-22 ինքնաթիռը ռմբակոծել է SDF-ի դիրքերը, ինչից հետո էլ ԱՄՆ օդուժի F-18E Super Hornet կործանիչը խոցել է կառավարական ուժերի ինքնաթիռը:
Ըստ սիրիական պաշտոնական աղբյուրների՝ կառավարական ուժերի ինքնաթիռը Ռաքքայի շրջանի ար-Ռասաֆա հատվածում մարտական գործողություններ էր իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնել է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:
Նման հայտարարություն է արել նաև Սիրիայի պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ օդաչուների ճակատագիրը դեռևս անհայտ է: