Իրանի հարավում և հյուսիս-արևմուտքում ահաբեկիչներ են վնասազերծվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի հարավային Սիսթան և Բելուջիսթան նահանգի Ղասրեղանդ շրջանում ահաբեկչական խումբ են հայտնաբերել։ Այս մասին հունիսի 15-ին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ ուժերի հետ բախման արդյունքում ահաբեկիչների մի մասը սպանվել կամ վիրավորվել է, իսկ մի մասն էլ դիմել է փախուստի։

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Իրանի Հորմոզգան նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալներից առգրավված զինամթերքը

Ահաբեկիչներից առգրավվել են պայթուցիկ նյութեր, ավտոմատներ և այլ զինամթերք։

Հունիսի 14-ին Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը ահաբեկչական խմբեր են վնասազերծել Սիսթան և Բելուջիստանում ու Քուրդիսթանում։ Հայտնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Սիսթան և Բելուջիսթանի Չաբահար քաղաքում ձերբակալվել է 5 ահաբեկիչ, սպանվել՝2-ը։ Ահաբեկիչների հետ բախումների արդյունքում սպանվել է  «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերի մեկ զինծառայող։ Հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանում հունիսի 7-ի Թեհրանի ահաբեկչությունից հետո ահաբեկիչների «որս» է սկսվել։ Ավելի վաղ Սիսթան և Բելուջիսթանում Իրանի ոստիկանական ուժերը ձերբակալել էին «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորման  2 ահաբեկչի, ովքեր 2015 թվականի ապրիլին հարձակվել էին իրանա-պակիստանյան սահմանին հսկողություն իրականացնող իրանցի սահմանապահների վրա, ինչի արդյունքում սպանվել էր 8 սահմանապահ։

Ավելի վաղ Իրանում սպանվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալ։ Իսկ մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրանի հետախուզության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են հունիսի 7-ին Թեհրանում ահաբեկչություն իրականացրած խմբի առաջնորդին, ինչպես նաև խմբին առնչակից մյուս անձանց։

Իրանի հետախուզության նախարարի խոսքերով՝  տարեցտարի ահաբեկչական խմբերը շատանում են Իրանում և այս տարի (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) արդեն ավելի քան 25 ահաբեկչական խումբ է վնասազերծվել։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար  Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *