ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկել Կատար՝ համատեղ զորավարժություն անցկացնելու համար

Հունիսի 14-ին Միացյալ Նահանգների ԶՈւ 2 ռազմանավ Կատարի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու համար ժամանել են Կատար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կատարի պետական լրատվական գործակալությանը:

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Աղբյուրի չի նշում զորավարժության անցկացման վայրն ու ժամանակահատվածը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Կատար այս շրջանում, երբ լարված են այդ երկրի հարաբերությունները արաբական մի շարք երկրների հետ, այդ թվում նաև Սաուդյան Արաբիայի հետ, որի հետ ԱՄՆ-ն ունի դաշնակցային սերտ հարաբերություններ:

Բացի այդ, հունիսի 14-ին Կատարի և ԱՄՆ պաշտպանության նախարարները ստորագրել են Կատարին 36 միավոր F-15C կործանիչ վաճառելու մասին համաձայնագիր:

Նշենք, որ Միացյալը Նահանգների՝ Կատարում տեղակայած ռազմաբազան ամենամեծն է համարվում տարածաշրջանում: Կատարի «Ալ-Ուդեիդ» ավիաբազայում ծառայություն է անցնում ԱՄՆ ԶՈւ 11.000 զինծառայող, բացի այդ շուրջ 100 ինքնաթիռ է տեղակայված հենց այս ռազմաբազայում:

Հունիսի 13-ին ԱՄՆ-ում Միացյալ Էմիրությունների դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս բերի իր զինծառայողներին և ինքնաթիռները Կատարից: Սակայն ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել է, որ դեռևս որևէ խոսք չկա Կատարից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 5 -ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ: Սրանից հետո մի շարք այլ երկրներ նույնպես խզեցին հարաբերությունները Կատարի հետ:

Կատարի ճգնաժամում այդ երկրին իր աջակցությունն է ցուցաբերում Իրանը, որին ձեռնտու է արաբական աշխարհում նման բաժանումները: Բացի այդ, լինելով հակամարտության մեջ Սաուդյան Արաբիայի հետ, Կատարի հետ հարաբերությունների բարելավվում և զարգացումը կարող է բերել Ծոցի շրջանում Իրանի ազդեցության էլ ավելի տարածմանը:

Տարածաշրջանային պետություններից Թուրքիան հանդես է գալիս հայտարարություններով, որ անհրաժեշտ է տարածաշրջանում պահպանել խաղաղությունը և կոչ է անում արաբական երկրներին հարցը լուծել բանակցությունների միջոցով: Բայց, միևնույն ժամանակ, հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և նախագահը արագ կերպով վավերացրել են Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու մասին Կատարի հետ կնքվախ համաձայնագիրը: Բացի այդ, թուրքական կողմը արդեն մի քանի անգամ պարենային աջակցություն է ցուցաբերել Կատարին, որը ամբողջությամբ հայտնել է մեկուսացված վիճակում:

Կատարի շուրջ ծավալվող զարգացումներին մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածներում. 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *