Հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Մինչ այդ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։
Օնիկ Գասպարյանը զբաղեցրել է նաև ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին, ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ազատվել էր ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից: Մեկ օր անց Ապրիամովը նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում:
Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի կենսագրությունը.
- Ծնվել է 1970թ. հունվարի 6-ին Իջևան քաղաքում:
- 1976-1985թթ. սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:
- 1985-1986թթ. սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:
- 1988-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:
- 1990-1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը:
- 1996-1997թթ. սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:
- 1998-2001թթ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:
Սպայական ծառայություն.
- 2008-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
- 1993-2007թթ. զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
- 2007-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
- 2010-2012թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
- ՀՀ Նախագահի 2012թ. ապրիլի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
- ՀՀ Նախագահի 2015թ. հունվարի 21-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
- ՀՀ Նախագահի 2016թ. հուլիսի 7-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: