Իրանի ոստիկանական ուժերը երկրի հարավում ձերբակալել են 2 ահաբեկչի

Իրանի ոստիկանական ուժերը երկրի հարավային Սիսթան և Բելուջիսթան նահանգում ձերբակալել են «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման 2 զինյալի։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար Ղասեմ Ռեզային։ Հունիսի 13-ին փոխանցում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Ռեզայիի խոսքերով՝ նրանք այն ահաբեկիչներն են եղել, ովքեր 2015 թվականի ապրիլին հարձակվել էին իրանա-պակիստանյան սահմանին հսկողություն իրականացնող իրանցի սահմանապահների վրա, ինչի արդյունքում սպանվել էր 8 սահմանապահ։

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO)

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO)

Հիշեցնենք, որ  նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև ավելի վաղ։ 2017-ի ապրիլին «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հետ բախումների արդյունքում սպանվել էր 9 իրանցի սահմանապահ։

Իրանում հունիսի 7-ի ահաբեկչական հարձակումներից հետո ահաբեկիչների «որս» է սկսվել։ Ավելի վաղ Իրանում սպանվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալ։ Իսկ մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրանի հետախուզության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են հունիսի 7-ին Թեհրանում ահաբեկչություն իրականացրած խմբի առաջնորդին, ինչպես նաև խմբին առնչակից մյուս անձանց։

Իրանի հետախուզության նախարարի խոսքերով՝  տարեցտարի ահաբեկչական խմբերը շատանում են Իրանում և այս տարի (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) արդեն ավելի քան 25 ահաբեկչական խումբ է վնասազերծվել։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար  Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *