Սիրիայի Իդլիբ նահանգում շուրջ 50 բնակավայր է միացել հրադադարի ռեժիմին

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի 47 բնակավայր միացել է հրադադարի ռեժիմին: Ընդհանուր առմամբ մինչև այժմ Սիրիայում հրադադարին միացել է Սիրիայի 1619 բնակավայր: Այս մասին հունիսի 14-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի իշխանությունները շարունակում են Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս նահանգներում բանակցությունները զինյալների հետ: Հրադադարին միացած զինյալ խմբավորումների թիվը անփոփոխ է — 219 խմբավորում:

Նշենք, որ Իդլիբը այն հիմնական նահանգն է, որտեղ տեղափոխվում են զինյալ խմբավորումները, ովքեր չեն հրաժարվում զենքը վայր դնել:

Հունիսի 9-ին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայում «ոչ բախումային» գոտիներ ստեղծելու մասին այս տարվա մայիսին Աստանայում կնքված հուշագրի շնորհիվ վիճակը երկում արմատականորեն փոխվել է: 

Ըստ նրա՝ «ոչ բախումային» գոտիների ստեղծումը հնարավորություն է տալիս վերականգնել բնակավայրերը, ենթակառուցվածները և այլն:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայի տարածքում «ոչ բախումային» 4 գոտի ստեղծելու մասին հուշագիր: Դրա երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Այս գոտիները ստեղծվելու են Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *