Ռազմական շաբաթվա ամփոփում. նոյեմբերի 26 – դեկտեմբերի 1

Նախորդ շաբաթ ռազմական առավել կարևոր իրադարձություններն էին։

  1. Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստան։
  2. «Ռոսգրանիցա-ի ղեկավար Դմիտրի Բեզդելովի այցը Հայաստան։
  3. Հայաստան է ժամանել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ խումբը։
  4. ԵԱՀԿ հերթական դիտարկումը շփման գծում։

1. Նոյեմբերի 25-ից 28-ը աշխատանքային այցով Աֆղանստան մեկնած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հրամանատարության, Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադի, Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներում խաղաղապահ գործողություններում ներգրավված հայ խաղաղապահների և տեղի կոալիցիոն հրամանատարության, ինչպես նաև ISAF-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի ԶՈՒ գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` Աֆղանստանում անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերին շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:

2. Նոյեմբերի 27-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ Պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովը, ով հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են 2013-ին Հայաստանում «Ռոսգրանիցա»-ի ներկայացուցչության բացումից հետո ՀՀ սահմանային ենթակառուցվածքների ու անցակետերի արդիականացման աշխատանքների իրականացման գործում «Ռոսգրանիցա»-ի աջակցության և այդ գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

3. Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում էր ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի ՊՆ համատեղ փորձագիտական խումբը:
Այցի ընթացքում անց են կացվել ԱՄՆ-ում զինվորական փոխհատուցումների համակարգի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրության, վերապատրաստման, առաջխաղացման և կրթության, դերի և պարտականությունների, ԱՄՆ-ի ծովային հետևակի սերժանտական կազմի կառավարման համակարգի վերաբերյալ բրիֆինգներ:

4. Նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: Դիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել նախապես համաձայնեցված իր առաջապահ դիրքեր, ինչի հետևանքով դիտարկումը կատարվելէ ավելի հեռու տարածությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *