Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Կատար՝ զորախմբի տեղակայումը նախապատրաստելու

Հունիսի 12-ին Թուրքիայի զինված ուժերի 3 հոգուց կազմված պատվիրակությունը ժամանել է Կատար՝ այդ երկրում Թուրքիայի ԶՈւ զորախումբ տեղակայելու նախապատրաստական աշխատանքները իրականացնելու համար:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի և Կատարի միջև ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության և Կատարում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015-ին:

Այդ համաձայնագրի ստորագրումից հետո բազայի տեղակայման վայրի պայմաններն ուսումնասիրելու և անհրաժեշտ համակարգումները իրականացնելու համար երկու երկրների ԶՈւ ներկայացուցիչները փոխադարձ այցելություններ են իրականացնում:

Այսինքն, ըստ երևույթին, առաջին անգամը չէ, որ Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Կատար՝ ռազմաբազայի տեղակայմանն ուղղված աշխատանքների իրականացման համար:

2016 ապրիլին Թուրքիան և Կատարը կնքել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են իրականացման համաձայնագիրը վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում:

Թուրքական մամուլի տվյալներով՝ առաջիկա երկու ամիսներին Կատարում կտեղակայվի 200-250 զինծառայող, առաջինը կուղարկվեն ժանդարմերիայի ուժերը, իսկ այնուհետև նաև օդուժ և ռազմանավեր:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն. Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

Կատարի ճգնաժամում այդ երկրին իր աջակցություն է հայտնել նաև Իրանը

Կատարի ճգնաժամում այդ երկրին իր աջակցություն է հայտնել նաև Իրանը

Չնայած թուրքական կողմը Կատարի ճգնաժամում չի արտահայտվում կոնկրետ որևէ երկրի պաշտպանությամբ, սակայն այն փաստը, որը Թուրքիայի զորախումբ է տեղակայում, ինչպես նաև այլ աջակցություն է ցուցաբերում Կատարին, թույլ է տալիս ենթադրել այս հարցում թուրքական դիրքորոշման մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդես է եկել իսլամական աշխարհում համերաշխությունը պահպանելու անհրաժեշտության կոչերով:

Նշենք, որ այս ճգնաժամում Կատարին է աջակցում նաև Իրանը: Իրանը նույնպես հայտնել է Կատարին աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությունների մասին: Սա ձեռնտու է Իրանին, քանի որ Կատարի ճգնաժամով փաստորեն ևս մեկ անգամ ճեղքվածք է տալիս արաբական աշխարհի թվացյալ միասնությունը:

Թեմայի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև Razm.info-ի և Հանրային ռադիոյի համատեղ հաղորդման ընթացքում.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *