Հյուսիսային Կորեան պատրաստվում է արբանյակ արձակել

Դեկտեմբերի 1-ին Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է դեկտեմբերի 10-22-ը կապի արբանյակ արձակել տիեզերք,- հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: Ռուսաստանն ու Չինաստանը Հյուսիսային Կորեային կոչ են արել հրթիռը չարձակել, քանի որ դա կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված սահմանափակումները:

Ըստ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի, Հյուսիսային Կորեային արգելված է հրթիռային և միջուկային փորձարկումներ իրականացնել: Հյուսիսային Կորեան պնդում է, որ արբանյակն օգտագործվելու է խաղաղ նպատակների համար: Ըստ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեան հեռահար, միջուկային ռումբ կրող հրթիռների համակարգ է փորձարկում:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հրթիռի արձակման հայտարարությունն անվանել է Հարավային Կորեայի դեմ սադրանք, քանի որ դեկտեմբերի 19-ին հարավում նախագահական ընտրություններ են անցկացվելու: 1953 թ. ստորագրած հրադադարից հետ Հյուսիսային և Հարավային Կորեաները տեխնիկապես պատերազմական իրավիճակում են, քանի որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:

Ճապոնիան իր հերթին «Փեթրիոտ» հակահրթիռային համակարգեր է ուղարկել դեպի Օկինավա կղզիներ, քանի որ ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը Օկինավայի կղզիների շղթայի վրայով է անցնելու: Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի այս տարվա ապրիլին փորձարկված արբանյակի արձակումը անահաջողության էր մատնվել:

Անկախ ԱՄՆ դիրքորոշումից՝ Հս. Կորեան կշարունակի արբանյակներ արձակել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *