Հունիսի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության պետ, դերծովակալ Հայաթի Բիլգիչին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի՝ ռազմաբժիշկներ պատրաստելու հնարավորությունները: Ըստ երևույթին խոսքը հենց Ադրբեջանի զինված ուժերի համար ռազմաբժիշկների պատրաստման գործընթացը կարգավորելու մասին է:
Այս ոլորտում կողմերի համագործակցությունը նոր երևույթ չէ: Իսկ ռազմաբժիշկների պատրաստման հարցը քննարկվել է նաև ավելի վաղ, մասնավորապես՝ 2014 թ.: Այդ ժամանակ Ադրբեջան էր այցելել Թուրքիայի ԶՈւ Գյուլհանեի բժշկական ակադեմիայի պետը: 2015 թ. Ադրբեջան էր այցելել Թուրքիայի ռազմաբժշկական ծառայության նախկին պետը:
Սակայն 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական զինուժում կատարվել են համակարգային փոփոխություններ, ինչի արդյունքում ռազմակրթական հաստատություններից հեռացվել են բազմաթիվ մասնագետներ, հաստատությունների վերահսկողությունը փոխանցվել է առողջապահության նախարարությանը:
Ըստ այդ, եթե անգամ նախկինում այս հարցերը կարգավորված են եղել, ապա ներկայում դրանք ամբողջովին վերանայելու կարիք ունեն: Ադրբեջանի զինուժի համար ռազմաբժիշկներ պատրաստվում են բժշկական համալսարանի համապատասխան ֆակուլտետում:
Հավելենք, որ բացի կրթական ոլորտում համագործակցությունից, կողմերը համագործակցել են նաև ծանր վիրավորների բուժման ոլորտում: Մասնավորապես 2014-ի օգոստոսի սկզբին հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում ծանր վիրավորված ադրբեջանցի զինծառայողները տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ նրան բուժման ծախսերը հոգացել է Թուրքիայի ԱԳՆ-ին ենթակա Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA):