Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 25-ից 28-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նոյեմբերի 26-ին Սեյրան Օհանյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի ()ISAF) ռազմագործողության հրամանատարության հետ: Կողմերը քննարկել են ISAF-ի գործունեությանն ու Աֆղանստանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Նույն օրը Սեյրան Օհանյանին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` Աֆղանստանում անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերին շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:
Նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներում հանդիպել է Աֆղանստանում խաղաղապահ գործողություններում ներգրավված հայ խաղաղապահների և տեղի կոալիցիոն հրամանատարության, ինչպես նաև ISAF-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի ԶՈՒ գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ:
Մազարի Շարիֆի մերձակա «Մայք Սփան» ռազմակայանում տեղակայված է հայ խաղաղապահների 60 հոգանոց զորախումբը: Այստեղ հայ խաղաղապահներն իրականացնում են բազայի անցակետերի և հարակից տարածքի պահպանությունը:
Կունդուզ նահանգի նույնանուն վարչակենտրոնի ռազմակայանում տեղակայված է հայ խաղաղապահների 61 հոգանոց զորախումբը, որն իրականացնում է հարակից օդանավակայանի պահպանությունը: Այստեղ տեղակայված է նաև աֆղանական ստորաբաժանումներին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող հայ հրահանգիչ սպաների հինգ հոգանոց խումբը:
Պատվիրակությունը Երևան է վերադարձել նոյեմբերի 29-ին:
Նշենք, որ հայ խաղաղապահները մասնակցում են Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը 2010 թվականից: Այդ ժամանակ նրանց թիվը մոտավորապես 40 էր: 2011 թվականի մայիսի 11-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Աֆղանստանում հայկական ուժերի ավելացման համաձայնագիրը. արդյունքում հայ խաղաղապահների թիվն այդ երկրում հասել է շուրջ 130-ի: Համաձայնագրով երկարացվել է նաև Աֆղանստանում նրանց տեղակայման ժամկետը (2012 թվականի դեկտեմբերի 31):
Հայկական ուժերը Աֆղանստանում ենթարկվում են գերմանական հրամանատարությանը և ներկայումս կենտրոնացած են Աֆղանստանի Քունդուզ նահանգում և Մազարի Շարիֆ նահանգի մերձակա «Մայք Սփան» ռազմակայանում: 2011-ին հայ խաղաղապահների 81 հոգանոց խումբը ծառայության է անցել Մազարի Շարիֆում, ուր նրանք իրականացրել են տեղի օդանավակայանի պահպանությունը, սակայն ավելի ուշ հայկական ուժերի առաքելությունն Աֆղանստանի այդ հատվածում ավարտվել է:
Խաղաղապահների հերթափոխն իրականացվում է կես տարին մեկ: Նրանց պատրաստման և տեխապահովման ծախսերն ամբողջությամբ իրականացնում է գերմանական կողմը:
Աղբյուրներ՝ http://www.mil.am/1354260093
http://newsarmenia.ru/defence/20120802/42700972.html