Հունիսի 12-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Ռուդան շրջանում Իրանի ոստիկանության ուժերը հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալի։ Զինյալները սպանվել են ոստիկանների հետ բախումների արդյունքում։ Այս մասին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվակա գործակալությունը։
Զինյալների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, 112 փամփուշտ և այլ զինամթերք։ Զինյալներից երկուսը իրանցիներ չեն եղել, մյուս երկուսի ինքնությունը դեռ ստուգվում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի հետախուզության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են հունիսի 7-ին Թեհրանում ահաբեկչություն իրականացրած խմբի առաջնորդին, ինչպես նաև խմբին առնչակից մյուս անձանց։
Իրանի հետախուզության նախարարի խոսքերով՝ տարեցտարի ահաբեկչական խմբերը շատանում են Իրանում և այս տարի (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) արդեն ավելի քան 25 ահաբեկչական խումբ է վնասազերծվել։
Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։
Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։