Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում:
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը կրթական ոլորտում՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի մեխանիզմների կիրառությամբ. «Տարածաշրջանային համագործակցության ոլորտում մենք բաց ենք բոլոր գործընկերների համար, քանի որ գտնվում ենք աղետավտանգ նույն աշխարհագրական միջավայրում»,-նշել է Դավիթ Տոնոյանը:
Ջեյմս Ապատուրային հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: