Բելառուսի Բրեստի զորավարժարանում Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժության շրջանակներում 3 երկրների զինծառայողները խաղարկելու են հակաահաբեկչական գործողություններ։ Այս մասին հունիսի 12-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Զորավարժության սցենարի համաձայն՝ բազմազգ գումարտակային մարտավարական խումբը մշակելու է հակաահաբեկչական խնդիրների լուծման հարցեր, այնուհետև ստորաբաժանումները մեկնելու են սցենարով նախանշված վայր։

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ
Զինծառայողները հաղթահարելու են ջրային պատնեշը և Ռուսաստանի ԶՈւ Իլ-76ՄԴ և Բելառուսի ԶՈւ Իլ-76 ինքնաթիռներով դեսանտավորվելու են Բրեստի զորավարժարանի վայրէջքի հրապարակներից մեկում։
Դեսանտավորումից հետո բազմազգ գումարտակային մարտավարական խումբը պետք է հսկողություն հաստատի նախատեսված շրջանի նկատմամբ և այնտեղ իրականցնի հակաահաբեկչական գործողություններ։
Վարժանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ։
Ավելի վաղ զորավարժությանը իրականացվել էին դեսանտավորման գործողություններ։
«Սլավոնական եղբայրություն 2017» մեկնարկել է հունիսի 6-ին։ Զորավարժությանը ներգրավված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի՝ Պսկովի դեսանտագրոհային դիվիզիայի ավելի քան 300 զինծառայող, Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի 400-ից ավելի զինծառայող և Սերբիայի հատուկ նշանակության բրիգադի 50 զինծառայող։
Զորավարժությանը ներգրավված են նաև ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռներ, Բելառուսի ԶՈւ ինքաթիռներ և ուղղաթիռներ։
«Սլավոնական եղբայրություն» զորավարժության անցկացման եռամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակից երկրների զինված ուժերից ձևավորվելու է բազմազգ գումարտակային մարտավարական խումբ, որը մշակելու է հակաահաբեկչական գործողությունների իրականացման հարցեր։
Զորավարժության ակտիվ փուլը տևելու է մինչև հունիսի 14-ը։ Նախորդ՝ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը անցկացվել էր 2016թ. նոյեմբերին 2-15-ը, Սերբիայում: (1,2)
Զորավարժությունն առաջին անգամ անցկացվել է 2015-ին, Ռուսաստանում: