Հունիսի 7-ին Սիրիայի Համա նահանգում ահաբեկիչների դեմ մղած մարտերի ժամանակ սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայող Ջավադ Մոհամադին։ Այս մասին հայտնում է իրանական «ԱԲՆԱ» լրատվական գործակալությունը։
Մոհամադին եղել է Իրանի Իսֆահան նահանգի Դորչե քաղաքից։Այլ մանրամասներ Մոհամադիի մասին չեն հաղորդվել։
Ավելի վաղ Սիրիայում սպանվել էր շուրջ երկու տարի գերության մեջ գտնվող իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին։
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում, այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է նաև դիտորդներ ուղարկել Սիրիա՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկման համար:
Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։