Իրանի հետախուզության ուժերը վնասազերծել են Թեհրանի ահաբեկչությունն իրականացրած խմբի առաջնորդին

Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են հունիսի 7-ին Թեհրանում ահաբեկչություն իրականացրած խմբի առաջնորդին։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին։ Հունիսի 10-ին փոխանցում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Նախարարի խոսքերով՝ Թեհրանի ահաբեկչությանը առնչակից և ոչ առնչակից տասնյակ մարդիկ են ձերբակալվել։ Հայտնաբերվել են նաև ահաբեկիչների թաքստոցները, որոնցից մեկը եղել է Քերմանշահ նահանգում։

Իսկ ահաբեկչական խմբի առաջնորդը, որ խմբի մյուս անդամների սպանությունից հետո փախել էր երկրից, հայտնաբերվել և սպանվել է։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մոհամադ Ալավին հավելել է նաև, որ տարեցտարի ահաբեկչական խմբերը շատանում են Իրանում և այս տարի (Իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) արդեն ավելի քան 25 ահաբեկչական խումբ է վնասազերծվել։

«Մեզ համար զարմալի էր, որ եթե նախորդ տարիներին  ամիսը 2 կամ  շաբաթը 1  ահաբեկչական խումբ էինք հայտնաբերում, ապա այս տարի գրեթե ամեն օր ենք հայտնաբերում», — ասել է Ալավին։

Հունիսի 11-ին Մահմուդ Ալավին հայտարարել է, որ ահաբեկիչները եղել են իրանցիներ, որոնք երկար ժամանակ պատրաստություն են անցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ։ Ըստ նախարարի՝ խմբի բոլոր անդամները, նրանց առնչակից անձինք վնասազերծված են այժմ։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *