Հունաստանն Աֆղանստանից դուրս է բերել իր զինուժն ու ռազմական տեխնիկան՝ ավարտելով այդ երկրում իր խաղաղապահ առաքելությունը, որը սկսել էր 2002 թվականի փետրվարի 17-ին:
Այդ մասին հաղորդել են Հունաստանի պաշտպանության նախարարությունից:
Զորքերի դուրսբերումն Աֆղանստանից Հունաստանը բացատրում է իր ռազմական բյուջեի կրճատմամբ և միջոցները խնայելու անհրաժեշտությամբ: 2011 թվականին Հունաստանը Քաբուլում իր ստորաբաժանումների համար ծախսել է 6,8 մլն եվրո, 2010-ին ՝ 7,7 մլն:
2002 թվականից ի վեր Աֆղանստանում 3295 հազար հույն զինվորական է ծառայել: Ծառայության միջին ժամկետը կազմել է 3-6 ամիս: Հույն զինծառայողները հիմնականում զբաղվել են շինարարական նախագծերով (Քաբուլում ենթակառուցվածքի ու օդանավակայանի վերանորոգում), աֆղան զինվորներին մարզելով, հումանիտար օգնության տեղափոխմամբ, ինչպես նաև ապահովել են 299-րդ շարժական վիրաբուժական հիվանդանոցի աշխատանքները:
Աֆղանստանում կմնան միայն 7 հույն օդաչուներ, որոնք ռազմատրանսպորտային C-27J Spartan ինքնաթիռների աֆղան օդաչուներին են պատրաստելու։ Դասընթացի ավարտից հետո նրանք էլ կվերադառնան հայրենիք:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Ֆրանսիան ևս դուրս է բերել իր զինվորներին Աֆղանստանից: Մինչ տարեվերջ նախատեսված է նաև ավստրալական ուժերի դուսբերումը: Դրան հակառակ՝ Վրաստանն ավելացրել է Աֆղանստանում իր ուժերի թիվը՝ հասցնելով այն 1571-ի: