Նոյեմբերի 27-ին ԱՄՆ զինված ուժերի վերաքննիչ դատարանում լսվում է ինքնասպանության փորձ կատարած ծովային հետևակային Լազարիք Քալդվելի գործը: Նա ստորին ատյանի ռազմական դատարանում մեղավոր է ճանաչվել՝ Օկինավայում 2010 թ. ինքնախեղում կատարելու և ռազմական օրենսգրքի 134 հոդվածը խախտելու համար (կարգի ու կարգապահության խախտում և ծառայության վարկաբեկում):
Վերաքննիչ դատարանի չորս դատավորները հակասական կարծիքներ ունեն գործի վերաբերյալ՝ նշելով որ շատ բարդ է դատել ինքնասպանանության փորձ կատարած զինծառայողներին: Դատավորներից ոմանք թերահավատորեն են մոտենում բանակի այն պնդմանը, որ Քալդվելը վարկաբեկել է ծովային հետևակին։
ԱՄՆ ԶՈւ գերագույն դատարանի դատավորները քննադատել են երկու կողմերի փաստաբաններին: Դատավոր Վալթեր Քոքս III-ը ասել է. «Եթե ինքնասպանությունները 2012 թվականին զինված ուժերի «վատագույն թշնամին» էին՝ զինվորներին, նավաստիներին, օդաչուներին և ծովային հետևակայիններին կորուստների տեսանկյունից, ապա ինչո՞ւ ենք [ինքնասպանությունները] քրեականացնում, երբ դրանք ձախողվում են»։
Դատավոր Մարգարետ Ռայենը հավելել է. «Մենք հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ չենք: Ինչպե՞ս ենք որոշելու, թե արդյոք մարդն իսկապես ուզում էր մահանալ»։
Դատական գործի հիմնական հարցն այն է, թե ինչու է ԱՄՆ բանակը քրեականացնում ինքնասպանությունների փորձերը, բայց ոչ ինքնասպանությունները:
Քալդվելի փաստաբան, նավատորմի լեյտենանտ Մայքլ Հանզելը նշել է, որ եթե Քալդվելի ինքնասպանությունը հաջողվեր, ապա նրա ընտանիքը նախագահից ցավակցական նամակ կստանար, կհամարվեր, որ նա զոհվել է պարտականությունները կատարելիս: Բայց երբ կենդանի է մնացել, նրան դատում են։
Հիշեցնենք, որ ըստ 2001 թվականից հավաքվող տվյալների՝ 2012 թվականը ինքնասպանությունների թվի առումով ԱՄՆ զինված ուժերի համար թերևս ամենավատ տարին է: 2001 թվականից մինչև այս տարվա օգոստոս, ԱՄՆ զինված ուժերում գրանցվել է 2676 ինքնասպանության դեպք: Զինված ուժերում այս տարի գրանցված 323 ինքնասպանությունների դեպքերը գերազանցում են 2009թ. գրանցված «ռեկորդը»՝ 310 դեպք:
ԱՄՆ Ծովային հետևակում ամբողջ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է ինքնասպանության 163 փորձ, այս տարի այդ թիվն արդեն 157 է: Մնացած զորատեսակների վիճակագրությունը առայժմ անհասանելի է:
Ինքնասպանությունների դեպքերը շատ են նաև վետերանների մոտ: Վետերանների հարցերի վարչությունը հաղորդել է, որ 2008-2009թթ. ինքնասպանություն են գործել վետերանների հարցերով վարչությունում գրանցված 3871 վետերան:
Քալդվելը, ով երբևէ պատերազմական գոտում չի եղել, ախտորոշվել է ծառայության հետ կապ չունեցող հետ-տրավմատիկ սթրեսային խանգարումով (post-traumatic stress disorder): 2010 թ. հունիսին նա դատապարտվել է 180 օրվա ազատազրկման և վատ վարքագծի համար զորացրման: Դատավճռի պատճառները երեքն էին. ինքնախեղում, գողության մասնակցություն ու սինթետիկ մարիխուանա ունենալը:
Պաշտպանության նախարարությունը ներկայացնող փաստաբանը նշել է, որ Քալդվելը ինքնասպանության փորձը կատարել է, երբ նրան հրամայել են ներկայանալ ռազմական կալանքի վայր, ճապոնական խանութից կաշվից գոտի գողանալաու փորձի համար: «Նա դա արել է հրամանատարի մտադրությունը խափանելու համար», — պնդում է փաստաբանը: Ըստ փաստաբանի՝ ինքնասպանության փորձերը ընդհանուր առմամբ ըստ ռազմական օրենքների պիտի համարվեն հանցագործություն: