Հայաստանի պաշտպանության նախարարությունը զինված ուժերում ինքնասպանությունների դեմ պայքարի ոլորտում, բացի ավանդական մեթոդների կիրառումից, ուսումնասիրում է նաև միջազգային փորձը: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը:
«Փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով վերահսկողություն սահմանել, որպեսզի կարողանանք, թե գիտական կարողությունների օգտագործմամբ, թե նոր մեթոդների ներգրավվամբ, թե անձնակազմի կարողությունների զարգացման միջոցով ոլորտում որոշակի նորարարական մտքեր ներառել», — հայտնել է Ալիկ Ավետիսյանը:
Ներկայումս ԵԽ-ի հետ առկա է «Մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների ներդրումը ՀՀ զինված ուժերում» ծրագիր, որն առայժմ փորձագիտական քննարկումների մակարդակում է:
«Բայց, ամենայն հավանականությամբ, որոշակի գործնական ուղղություններ էլ կզարգացնենք, միգուցե որոշ փորձագետներ ներգրավենք, որոնց միջոցով կկարողանանք իրականացնել նախկինում գրանցված դեպքերի ուսումնասիրություն: Զորամասերում ներդրվեն սոցիոմետրիկայի, հետազոտությունների անցկացման հնարավորություններ ընդլայնվեն, հոգեբանների վերապատրաստություններ և այլն», — նշեց կենտրոնի պետը:
Ըստ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետի՝ «Դիտակետ» ծրագրի շրջանակում պատրաստվում են համապատասխան հարցաթերթեր, որոնք բավականին ծավալուն են և բավականին մեծ ինֆորմացիա և տրամաբանական կապերի շղթա են պարունակում, որոնցով զորացրվող զինծառայողի հետ իրականացվում է «խորին հարցազրույց»:
«Ամենայն հավանականությամբ մենք կներգրավենք բոլորին և չենք սահմանափակվի սոցիոլոգիական որակ ապահովող մի հատվածով, այլ բոլորին հնարավորություն կտանք արտահայտվել», — հայտնեց Ալիկ Ավետիսյանը:
Կենտրոնի պետը նշեց, որ ծրագիրն ամենայն հավանականությամբ իրականացվելու է մասնագիտացված սոցիոլոգիական կազմակերպության կողմից, արդյունքների հիման վրա կստացվի որոշակի պատկեր զորամասում առկա խնդիրների և դրանց բնույթի մասին:
«Հնարավոր զարգացումները, որ կարող էին տեղի ունենալ, «Դիտակետ» ծրագրի միջոցով հնարավոր կլինի բացահայտել», — նշեց Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը:
Նշենք, որ «Դիտակետ» ծրագրի մասին առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է զորացրված և ժամկետային զինծառայողների հետ մայիսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արցախում անցկացված հանդիպման ընթացքում:
«Դիտակետ» ծրագրի շրջանակներում բոլոր զորացրված զինծառայողները հնարավորություն կստանան սոցհարցման միջոցով գնահատել զինվորական համակարգը, ծառայության պայմանները, արդյունավետությունը: