Բաղդադից հարավ գտնվող քաղաքում ահաբեկչության հետևանքով մահացել է 20 մարդ

Հունիսի 9-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հարավ գտնվող Մուսայիբ քաղաքի շուկաներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 34 մարդ։ Այս մասին հայտնում է  Al Monitor լրատվակայքը:

Մինչ այդ մեկ այլ ահաբեկչական գործողություն էր իրականացվել Քյարբալա քաղաքում, որի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։  Երկու ահաբեկչություններն էլ կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ահաբեկչություն Բաղդադից հարավ գտնվող Մուսայիբ քաղաքում

Ահաբեկչություն Բաղդադից հարավ գտնվող Մուսայիբ քաղաքում

Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Բաղդադի գլխավոր պողոտաներից մեկում ահաբեկչական պայթյունի հետևանքով սպանվել էր 13 մարդ, ևս 30 մարդ վիրավորվել էր: Պայթուցիկը գործի է դրվել պաղպաղակի խանութներից մեկի մոտ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին «Իսլամական պետությունը»  ահաբեկչություն էր կազմակերպել նաև Իրանում, որի  հետևանքով 17 մարդ զոհվել և 50-ից ավելի մարդ վիրավորվել էր։ Ահաբեկչությունը կազմակերպող բոլոր անձինք վնասազերծվել էին։

Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում տարածքները կորցնող իսլամիստները նշում են, որ իրենք թիրախավորել են շիաներին, քանի որ նրանց «հերետիկոսներ» են համարում: ԻՊ-ի անդամները իսլամի սուննի ճյուղին են պատկանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *