Հունիսի 9-ին Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգի սահմանկից հատված: Աֆրինը վերահսկում են Սիրիայի քրդական ուժերը, որոնք Թուրքիայում համարվում են «ահաբեկչական»: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» գործակալությունը:
Տանկերը Աֆրինի սահման են ուղարկվել Գազիանթեփում տեղակայված Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադի ստորաբաժանումներից: Տանկերի, ինչպես նաև այլ զրահատեխնիկայի քանակը չի նշվում:
Նշվում է, որ զրահատեխնիկան կուտակվում է Աֆրինին սահմանակից այն շրջաններում, որի հանդիպակաց կողմում քրդական ուժերն առավել ակտիվ են:
Սիրիայի քրդերը 2011 թ. այդ երկրում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում փաստացի վերահսկողություն են հաստատել թուրք-սիրիական հատվածի մեծագույն հատվածում: Քրդերի վերահսկողության ներքո ներկայում կա երկու հիմնական հատված՝ Աֆրինում և Եփրատից երևելք ընկած շրջաններում:
Այդ տարածքները վերահսկում են Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինված ստորաբաժանումները՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատներ» (YPG): Թուրքիան այդ ուժերին համարում է «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) «սիրիական թև» և նույնպես «ահաբեկչական կազմակերպություն»:
Չնայած սրան՝ սկսած մասնավորապես 2015 թ. Սիրիայի քրդական նույն կառույցին օժանդակում է Միացյալ Նահանգները: 2016 թ. ԱՄՆ օգնությամբ քրդերը և արաբական որոշ խմբավորումներ կազմավորել են «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որոնք մի քանի ամիս տևած գործողությունների արդյունքում «Իսլամական պետությունից» ազատագրել են զգալի տարածքներ: 2017 թ. հունիսից այդ ուժերը սկսել են գրոհել ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքա քաղաքը:
Ավելացնենք, որ 2016 թ. ընթացքում քրդական ուժերը փորձում էին զարգացնել հաջողությունը և միավորել իրենց վերահսոկղության տակ գտնվող փաստացի երկու ինքնավար շրջանները: Սա կանխելու նպատակով Թուրքիան 2016 թ. օգոստոսին սկսեց «Եփրատի վահան» գործողությունը, ինչի արդյունքում թուրքական զինուժը գրավեց քրդական շրջանների միջև ընթած տարածք՝ Հալեպի հյուսիսում:
Քրդական խնդիրը այսօր էլ լուրջ հակասությունների առիթ է ՆԱՏՕ-ի երկու պետությունների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Չնայած նրան, որ Թուրքիան այդ կառույցը համարում է «ահաբեկչական», ԱՄՆ-ն նրանց դիտարկում է որպես ԻՊ դեմ ցամաքային գործողություններում հիմնական դաշնակից:
Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ նույն ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ նաև քրդական ուժերի որևէ ռազմական գործողություն Թուրքիայի դեմ: Ըստ այդմ՝ ներկա իրավիճակում Միացյալ Նահանգներին կարող ենք դիտարկել որպես Սիրիայում թուրք-քրդական լայնածավալ բախումների զսպիչ գործոն: Նույնպիսի դեր փորձում է ստանձնել նաև Ռուսաստանը, ով զինծառայողներ ունի հենց նշված Աֆրինի շրջանում:
Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ-ն քրդերի հետ դաշնակցությունը դիտարկում է որպես «ժամանակավոր և մարտավարական», դեպքերի հետագա ընթացքը կարող է բոլորվին այլ զարգացում ստանալ: