Հունիսի 9-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Նրանց կոորդինատները օդաչուներին փոխանցվել են ԱԹՍ-ների միջոցով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ հարվածների հետևանքով «շարքից հանվել է» քրդական կառույցի 5 զինյալ:
Նշենք, որ հունիսի 8-ին Չուքուրջա գավառում Թուրքիայի ԶՈւ S-70 Sikorsky ուղղաթիռի վայրէջքի ժամանակ PKK-ի զինյալները նռնականետով կրակել են ուղղաթիռի ուղղությամբ: Թուրքական կողմը նշում է, որ քրդերի դեմ օդուժի ներգրավմամբ գործողություններ սկսել են այդ միջադեպից հետո:
Թուրքիայի զինուժը քրդերի դեմ գործողություններ է իրականացնում նաև հարավարևելյան Շրնաք նահանգում: Ներգրավված են Ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի և Շրնաքի Բեյթուշշեբափ գավառում տեղակայված ժանդարմերիայի հատուկ նշանակության 8-րդ գնդի ուժերը: «Անադոլու» գործակալության տվյալներով՝ հունիսի 9-ին Շրնաքում «շարքից հանվել է» PKK 4 զինյալ:
Թուրքիայի զինուժը, ուժային կառույցները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններն ակտիվացրել են 2015 թ. հուլիսից: Առավել ակտիվ բախումներ գրանցվել են 2016 թ. ձմռան ամիսներին:
Արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, բացի այդ, տարբեր տվյալններով՝ 350-500 մարդ տեղահանվել են Թուրքիայի այլ նահանգներ: