ԱՄՆ օդուժը շարունակում է հարվածել Սիրիայի կառավարամետ ուժերին

Հունիսի 8-ին Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկյան կողմը Սիրիայի հարավում կրկին հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերին, ինչպես նաև խոցել նրանց պատկանող հարվածային ԱԹՍ: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) կայքը:

Ամերիկյան կողմը նշում է, որ Սիրիայի կառավարամետ ուժերը հարավում՝ Թանֆ շրջանի մոտակայքում ամերիկյան MQ-1 Predator հարվածային խոշոր անօդաչու թռչող սարքին չափերով մոտ ԱԹՍ-ով փորձել են խոցել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի դիրքերը:

ԱՄՆ ուժերը նախ զգուշացրել են, այնուհետև՝ խոցել ԱԹՍ-ն: Նույն օրը ամերիկյան օդուժը խոցել է Սիրիայի կառավարամետ ուժերի շարասյուն, որը, ըստ ամերիկյան կողմի հայտարարության, առաջ էր շարժվում դեպի Թանֆ, որտեղ «արդեն մի քանի ամիս է ինչ» տեղակայված են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը:

Նախորդ նմանատիպ միջադեպը եղել էր հունիսի 6-ին, երբ ամերիկյան օդուժը կրկին նույն վայրում հարվածել էր Սիրիայի կառավարամետ ուժերին: Սիրիայի պաշտոնական աղբյուրները նշում էին, որ գործողության արդյունքում զոհվել են նաև Սիրիայի բանակի զինծառայողներ: Մինչ այդ, մայիսին, ամերիկյան կողմը առաջին անգամ այդ հատվածում հարվածել էր Սիրիայի կառավարական ուժերին:

Երեք անգամ էլ ամերիկյան կողմը հարվածել է «313-րդ գումարտակ» անվամբ հայտնի ստորաբաժանմանը: Այնտեղ ներառված են Սիրիայի կառավարական ուժերի կողմից կռվող զինվորականներ, աշխարհազորայիններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *