Սիրիայի հյուսիսարևելքում քրդերը մարտնչում են մահմեդական ծայրահեղականների դեմ

Նոյեմբերի 14-ին ծայրահեղական արաբ խմբավորումները հարձակվել են Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ուլ Այն քաղաքի թուրք-սիրիական սահմանային անցակետի վրա և գրավել այն:

«Վաշինգթոն Փոստը» հայտնում է, որ Քրդական Միացյալ Ժողովրդավարական (ՔՄԺ) և Քրդական Ազգային Խորհուրդ կուսակցությունները արաբներին կոչ էին արել հեռանալ: Քրդերը մտավախություն ունեին, որ ծայրահեղակաների ներկայությունը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաներում կարող է հակակառավարական գործողությունների առիթ դառնալ:

Սահմանային անցակետի գրավումից հետո Ալ Ղաիդայի հետ կապեր ունեցող Ղուրբա ալ Շամ և Ջաբհաթ ալ Նուրսա արաբական խմբավորումները ՔՄԺ մարտիկների հետ ընդհարումներ են սկսել քաղաքի քրդական անցակետերից մեկը վերահսկելու նպատակով: Ընդհարումները, որոնց հետևանքով արդեն տասնյակ քրդեր և արաբներ են զոհվել, շարունակվել են մինչև այս շաբաթ կնքված հրադադարը:

Ապստամբները հայտարարել են, որ պատրաստվում են շարժվել դեպի արևելյան Քամիշլի և Դար Բասիյեհ քաղաքները: Նոյեմբերի 26-ին քրդերը 10 անցակետեր են տեղադրել Ռաս ուլ Այնի և Դար Բասիյեհի միջև: Քուրդ հրամանտար Խաբադ Իբրահիմը հայտարարել է, որ նրանք ծայրահեղ մահմեդականերին ճանապարհ չեն տալու:

ՔՄԺ խոսնակ Հաջ Մանսուրը հայտարարել է, որ քրդական տարբեր խմբավորումները հանդիպել են Իրաքի Իրբիլ քաղաքում, որտեղ քննարկվել է արաբների դեմ ընդհանուր ընդդիմություն ստեղծելու և նրանց արևելյան արշավը կանգնեցնելու հարցը: «Մինչև հիմա մենք հարձակումներ չենք կատարել, միայն պաշտպանվել ենք»,- ասել է նա:

Ռաս ուլ Այնի հարավում գտնվող Հասակա քաղաքի քուրդ մարտիկների խմբավորումը առաջարկել է ստեղծել «Ազատ Քրդական բանակ», որը կպաշտպանի Սիրիայի քրդաբնակ շրջանները:

Սիրիայի ազգային բանակի որոշ խմբավորումներ դատապարտել են արաբական խմբերին, որոնք քաղաքի վրա հարձակման համար չեն ունեցել ապստամբների ռազմական խորհրդի թույլատվությունը:

Քուրդ-արաբական ընդհարումներ տեղի են ունեցել նաև անցած ամիս` Հալեպում, երբ ապստամբները ներխուժել էին Հալեպի քրդական շրջանը:

Ռաս ուլ Այն քաղաքը ունի մոտավորապես 50,000 բնակիչ, որում քրդերը կազմում են մեծամասնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *