Չնայած զորքերի դուրսբերմանը՝ Գերմանիան և Թուրքիան պետք է շարունակեն երկխոսությունը. Մերկել

Հունիսի 7-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չնայած Գերմանիան դուրս է բերում իր զորքերը Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից, բայց երկու երկրները պետք է շարունակեն երկխոսությունը: Փոխանցում է Reuters գործակալությունը:

«Մենք Թուրքիայի հետ մի շարք ընդհանուր հետաքրքրություններ ունենք, ինչպես նաև տնտեսական լավ հարաբերություններ, հետևաբար անհրաժեշտ է, որ շարունակենք երկխոսությունը», — ասել է Մերկելը:

Նույն օրը Գերմանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ֆիքրի Ըշըքը հեռախոսազրույց են ունեցել: Լյայենը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է դուրս բերել զորքերը Թուրքիայից, և նշել է, որ դուրս բերման մանրամասներին մասին Գերմանիան կտեղեկացնի թուրքական կողմին:

Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ գերմանացի զինծառայողների և ինքնաթիռների դուրս բերումը պետք է արվի այնպես, որ «Իսլամական պետության» դեմ գործողություններում որևէ խնդիր չառաջանա: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հունիսի 7-ին Գերմանիայի կառավարությունը գերմանական զինուժի ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից հանելու որոշում է կայացրել: Գերմանիայի զինուժը և «Տորնադո» կործանիչները տեղակայվելու են Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազայում:

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանանի « Մուաֆակ Սալտի» ավիաբազաները. քարտեզ

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանանի «Մուաֆակ Սալտի» ավիաբազաները. քարտեզ

Հունիսին 6-ին Գերմանիայի ԱԳ նախարարը այցելել էր Թուրքիա, և այցի ընթացքում կողմերը քննարկել էին նաև «Ինջիրլիք» ռազմաբազայում գերմանացի զինծառայողներին այցելու հարցը: Թուրքական կողմը հայտարարել է, որ Գերմանիայի պատվիրակությունը «Ինջիրլիքի» փոխարեն կարող է այցելել Քոնյայում տեղակայված ՆԱՏՕ ռազմաբազա, ինչից հետո էլ գերմանական կողմը որոշել է դուրս բերել զորքերը: Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անընդունելի է այն, որ Թուրքիան արգելում է այցելել իրենց զինծառայողներին:

2017-ի մայիսին Թուրքիան չէր թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին, այն բանից հետո, երբ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

«Ինջիրլիք» ավիաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ծառայություն էր իրականացնում Գերմանիայի ԶՈւ շուրջ 250 զինծառայող: Այդ ավիաբազայում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *