ՀՀ ԶՈւ հակատանկային զորամասերից մեկի մեկամսյա ճամբարային հավաքների ավարտին անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն: Վարժանքների նպատակն էր ամփոփել արդյունքները և ընդհանուր գնահատական տալ զորամասի մարտական պատրաստությանը: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 3-ի թողարկումից:
Զորավարժության շրջանակներում առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչը մարտական կրակ է իրականացրել «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրից. ներգրավվել է դասակի հրամանատար, լեյտենանտ Նունե Ասատրյանի մարտական հաշվարկը:
«Դուրս շատ է գալիս տեխնիկան, արգելքների հաղթահարումը, օպտիկայի հզորությունը, կրակելու ամեն ինչը: Խորհուրդ եմ տալիս դիմել, բայց դիմեն նրանք, ովքեր՝ իրոք կարող են … Պիտի լինես քո խոսքի տերը, կամքի ուժ է պետք շատ մեծ», — նշում է լեյտենանտ Ասատրյան:
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետ Արտավազդ Յաղմուրյանը հայտնել է, որ զորավարժության նպատակներին լիովին հասել են, արդյունքները զգալի են, բավականին մեծ աշխատանք է տարվել, հակատանկայինները ցույց են տվել իրենց պատրաստության մակարդակը: