Հունիսի 7-ին Իրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա: Հարձակումների հետևանքով սպանվել էր 10-ից ավելի մարդ, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խումբը։
Սակայն ահաբեկչական գործողություններն Իրանում բավական հաճախ են լինում: 2017թ. ապրիլին Սիսթան և Բելուջիսթան նահանգում՝ իրանա-պակիստանյան սահմանին, սպանվում է 9 իրանցի սահմանապահ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորումը։
2017 մայիսի 27-ին Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգում PJAK-ի (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն») զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։
Իրանի հետախուղության նախարարի խոսքերով միայն վերջին 2 տարվա ընթացքում Իրանում 100-ից ավելի ահաբեկչական գործողություն է կանխվել։
Սակայն հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունները եզակի են նրանով, որ իրականացվել են արտասահմանյան ահաբեկչական խմբավորման կողմից։
Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են հիմնականում երկրի ներսում գործող բելուջական, արաբական, քրդական և այլ անջատողական, ահաբեկչական խմբավորումների կողմից։
Այս առիթով Razm.info-ն հավաքել է վերջին 12 տարիների ընթացքում Իրանում տեղի ունեցած առավել խոշոր ահաբեկչական գործողությունները:
2005-2006 թվականներին պայթյունների շարք էր կազմակերպվել Իրանի հարավ-արևմտյան Խուզիսթան նահանգի կենտրոն Ահվազ քաղաքում։
2005թ. հունիսի 12. Իրանի 9-րդ նախագահական ընտրություններից օրեր առաջ 4 պայթյուն է իրականացվում Ահվազ քաղաքում, ևս 1 պայթյուն տեղի է ունենում Թեհրանում: Պայթյունների հետևանքով սպանվում է 11 մարդ, ավելի քան 80 մարդ վիրավորվում է:
2005թ. հոկտեմբերի 15. պայթյուն է տեղի ունենում Ահվազի առևտրի կենտրոնում: Պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվում է, 100-ից ավելի՝ վիրավորվում:
2006թ. հունվար 25. Ահվազում 2 պայթուն է տեղի ունենում: Պայթյուններից մեկն իրականացվում է քաղաքի «Սաման» բանկում, զոհվում է 9 մարդ, ևս 45-ը վիրավորվում է: Երկրորդ պայթյունը Գոլեսթանի փողոցում է իրականացվում, այս պայթյունի հետևանքով զոհեր չեն լինում, մի քանի մարդ վիրավորվում է:
2006թ. փետրվարի 27. Խուզիսթանի Դեզֆուլ և Աբադան քաղաքներում 2 պայթյուն է տեղի ունենում, որոնց հետևանքով 3 մարդ վիրավորվում է:
2006թ. մարտի 2. պայթյուն է իրականացվում Ահվազի Քիանփարս շրջանում: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվում:
Ահաբեկչական այս գործողությունների համար Իրանի կառավարությունը մեղադրում է Իրանում ահաբեկչական համարվող «Մոջահեդին է խալղ» խմբավորմանը և Խուզիսթանի արաբների անջատողական խմբավորումներին:
«Մոջահեդին է խալղ» խմբավորումը ձևավորվել է 1965 թվականին՝ նպատակ ունենալով պայքարել շահական ռեժիմի դեմ: Իրանում իսլամական կարգերի հաստատումից որոշ ժամանակ անց խմբավորումը դեմ է դուրս գալիս նաև նոր կառավարությանը՝ պայքարի շրջանակներում իրականացնելով նաև ահաբեկչական գործողություններ:
Իրանում ահաբեկչական մի շարք գործողություններ է իրականացրել նաև «Ջունդոլլահ» խմբավորումը։ «Ջունդոլահհը» Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգում գործող, սուննի մահմեդական զինյալներից կազմված ահաբեկչական խմբավորում է:
2007թ. փետրվարի 14. Սիսթան և Բելուջիսթան նահանգի կենտրոն Զահեդան քաղաքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող ավտոբուս է պայթեցվում: Պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվում է, ևս 31 մարդ վիրավորվում:
2008թ. մայիսի 27. Զահեդանի շիական մզկիթներից մեկում պայթյուն է կազմակերպվում: Զոհվում է 25, վիրավորվում՝ 120 մարդ։
2008թ. հունիսի 13. «Ջունդոլլահի» զինյալները 16 ոստիկանի են առևանգում և տեղափոխում Պակիստան, ոստիկաններից 15-ին սպանում են, մեկին ազատ են արձակում 2008-ի սեպտեմբերին:
2009թ. հունվարի 25. Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սարավան քաղաքում սպանվում է 12 ոստիկան:
2009թ. հոկտեմբերի 18. Սարբազ քաղաքում ձեռագործ աշխատաքների ցուցահանդեսի ժամանակ ահաբեկչական հարձակում է իրականացվում: 2 պայթյունների հետևանքով զոհվում է 40-ից ավելի մարդ, վիրավորվում՝ 150 մարդ:
2010թ. հուլիսի 15. 2 պայթյուն է կազմակերպվում Զահեդանում, զոհվում է 27, վիրավորվում՝ 169 մարդ։
2010թ. դեկտեմբերի 15. Չաբահարում 2 ահաբեկիչ հարձակվում է Թասուայի տոնակատարությանը մասնակցող հավատացյալների վրա: 38 մարդ է սպանվում:
2010-2012 թվականներին թիրախավորված ահաբեկչական գործողություններ են իրականացվում նաև գիտնականների դեմ: 4 միջուկային մասնագետի սպանություն է կազմակերպվում:
2010թ. հունվարի 12. Թեհրանի շրջաններից մեկում սպանվում է Թեհրանի համալսարանի դասախոս, ֆիզիկոս Մասուդ Ալի Մոհամմադին:
2010թ. նոյեմբերի 29. սպանվում է միջուկային էներգիայի մասնագետ Մաջիդ Շահրիարին, նույն օրը մահափորձ է իրականացվում մեկ այլ գիտնականի՝ Ֆերեյդուն Դավանի Աբբասիի նկատմամբ:
2011թ. հուլիսի 23. սպանվում է Թեհրանի Նասր Էդ Դին Թուսիի անվան տեխնոլոգիական համալսարանի հետազոտող Դարյուշ Ռեզայինեջադը:
2012թ. հունվարի 11. սպանվում է Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանը: Ռոշանը աշխատում էր ուրանի հարստացման Նաթանզի գործարանում։
Այս բոլոր սպանությունները իրականացնող խմբին Իրանը բացահայտում է և նրանց հարցաքննությունից պարզվում է, որ ահաբեկիչներն աշխատել են Իսրայելի «Մոսսադի» համար, իսկ պատրաստություն անցել են Իսրայելի ռազմաբազաներից մեկում, մի շարք եվրոպական և ոչ եվրոպական երկրներում, ինչպես նաև Իրանի հարևան երկրներում:
Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին պաշտոնապես մեղադրում է «Մոսադի» հետ համագործակցության և Իրանի դեմ կատարվող իսրայելական դիվերսիային անուղղակի մասնակցության համար: Այդ պատճառով Իրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվում է Իրանի ԱԳՆ, և նրան բողոքի նոտա է հանձնվում՝ «սիոնիստական ռեժիմի» հետ այդ երկրի ունեցած կապերի համար: