ՀՀ նախագահն այցելել է Տավուշի զորամասերից մեկը, քննարկել սահմանամերձ համայնքների խնդիրները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, մեկնել է Տավուշի մարզ, այցելել է այնտեղի զորամասերից մեկն ու քննարկել է սահմանամերձ համայնքների խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Զորամասի հրամանատարի զեկույցը հանրապետության նախագահին

Զորամասի հրամանատարի զեկույցը հանրապետության նախագահին

Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ և նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Զորամասում նախագահը նաև հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հանձնաժողովի անդամները նախագահին զեկուցել են հանձնաժողովի կողմից կատարված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների, գույքագրված խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Նախագահ Սարգսյանի հանդիպումը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ

Նախագահ Սարգսյանի հանդիպումը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ

Հանդիպման սկզբում նշելով, որ մշտապես կարևորել է աշխատանքը տեղերում, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին և լուծումներ գտնել՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք:

«Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, և մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել», — մասնավորապես ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *