Այսօր՝ հունիսի 6-ին, ԱՄՆ օժանդակությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) սկսել են «Իսլամական պետություն» խմբավորման Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունները: Նախօրեին SDF-ն առաջխաղացում էր կատարել քաղաքի արևմտյան մասում:
Ըստ SDF-ի մամուլի խոսնակի՝ քաղաքի ուղղությամբ գրոհը սկսվել է հյուսիսից, արևմուտքից և արևելքից: Reuters լրատվական գործակալությանը կառույցի խոսնակը հայտնել է նաև, որ իրենց ցամաքում օգնում են նաև միջազգային կոալիցիայի ուժերը:
Գրոհին զուգահեռ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Ռաքքայում ավիահարվածներ է հասցնում նաև ԻՊ դիրքերին:
SDF-ից «Ֆրանս-պրեսս» գործակալությանը հայտնել են, որ քրդական ուժերին հաջողվել է Ռաքքա մտնել քաղաքի արևելյան ալ-Մեշլեբ շրջանում:
Երեկ ձեռնարկած գործողությունների արդյունքում քրդական ուժերին հաջողվել էր վերահսկողություն սահմանել Ռաքքայից արևմուտք ընկած Ռաբիա գյուղում, ինչպես նաև ԻՊ-ից ազատագրել նաև Ադնանիա, Բիր Հաշիմ և Սեգուրա գյուղերը:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ SDF-ի հրամանատարը հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման ներկայիս կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրումը կսկսվի այս ամռան սկզբին: