Երեկի՝ հունիսի 5-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մոսկվայում ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտներում:
Խաչատուրովն ու Տոնոյանը նաև քննարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի և միջոցների պատրաստման խնդիրները:
Կողմերը դիտարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը: Նշվում է, որ այդ համակարգը ստեղծվել է ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման և համագործակցության երկկողմ կանոնակարգերի հիման վրա:
Քննարկման ժամանակ նաև ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում քննարկել կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման հարցը, որը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Յուրի Խաչատուրովը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էր, իսկ Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանն անցել է 2017 թ. մայիսի 3-ից: Տոնոյանը ԱԻ նախարար է նշանակվել 2017 թ. փետրվարին և վերանշանակվել՝ մայիսի 30-ին: