ԱՄՆ Սաուդյան Արաբիային է մատակարարել Boeing AH-6i Little Bird թեթև հարվածային և հետախուզական ուղղաթիռների առաջին խմբաքանակը (9 միավոր): Այս մասին հունիսի 5-ին Jane`s ռազմական հանդեսին հաստատել են ԱՄՆ բանակից:
Առաջին խմբաքանակը պետք է կազմեր 12 ուղղաթիռ, սակայն մնացած 3 միավորը ուսումնական նպատակների համար դեռ ԱՄՆ-ում են և մատակարարվելու են ավելի ուշ: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն պետք է մատակարարի 24 միավոր ուղղաթիռ: Նշված ուղղաթիռները համալրելու են Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի զինանոցը:
Ուղղաթիռների մատակարարման մասին համաձայնագիրը երկրները ստորագրել էին դեռ 2013-ին: Ընդհանուր առմամբ 24 միավոր ուղղաթիռի և լրացուցիչ սպառազինության մատակարարումը գնահատվում է շուրջ 234,7 մլն ԱՄՆ դոլար:
AH-6i ուղղաթիռն ունակ է զարգացնել մինչև 282 կմ/ժ արագություն՝ թռիչքներ կատարելով մինչև 430 կմ հեռավորության վրա։ Այն կարող է կրել 30 մմ տրամաչափի թնդանոթ կա՛մ երկու միավոր 12.7 տրամաչափի կա՛մ էլ՝ երկու միավոր 7.62 տրամաչափի գնդացիր։ Բացի այդ, արտաքին պիլոնների վրա հնարավոր է տեղադրել կառավարվող ու չկառավարվող «օդ-մակերևույթ» հրթիռներ։
Հիշեցնենք, որ մինչև 2020-ը նախատեսվում է Սաուդյան Արաբիային վաճառել 3,2 մլրդ դոլարի «Բոինգ» ընկերության AH-64E «Ապաչ» ուղղաթիռներ: