ՌԴ ԶՈւ բոլոր հրթիռային ստորաբաժանումները կսպառազինվեն «Իսկանդեր-Մ» համալիրներով

Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի բոլոր հրթիռային ստորաբաժանումները մինչև 2020 թվական կսպառազինվեն «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրներով, իսկ ռեակտիվ հրետանային բրիգադները՝ «Տոռնադո-Ս»  համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեևսկին։ Հունիսի 5-ին փոխանցում է ռուսաստանյան  «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Մատվեևսկին հայտնել է նաև, որ զինված ուժերը համալրվելու են նաև 2Ս35Կոալիցիա ինքնագնաց հաուբիցներով, իսկ հակատանկային ստորաբաժանումները կշարունակեն սպառազինվել «Խրիզանտեմա-Ս», և «Կոռնետ Դ1» համալիրներով։

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեկսանդր Դրագովալովսկին հայտնել էր, որ մինչև 2018 թվականը Ռուսաստանի զինված ուժերը նախատեսում են իրենց բոլոր հրթիռային բրիգադներում «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որ սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 և ավելի կմ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *