Խաղաղություն թե քարոզչություն. ո՞րն է Ադրբեջանի «Խաղաղության հարթակի» ուղերձը

Մայիսի 27-ին Բաքվի քարոզչամեքենայի «հերոս», ինքնահռչակ իրավապաշտպան Վահան Մարտիրոսյանը տեսանյութ հրապարակեց, որում խոստովանում էր, որ այսպես կոչված «Հայաստան–Ադրբեջան խաղաղության հարթակ» (ԽՀ) նախաձեռնության հետևում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Նրա խոսքերով՝ Բաքվում իրեն ստիպել են Հայաստանի դեմ գործել։ Մի քանի օր անց էլ նա հայտարարեց, որ հարթակի հայ մասնակիցներից առնվազն երկուսն իրականում գոյություն չունեցող՝ հնարած կերպարներ են։

Մարտիրոսյանի բացահայտումներին հետևեց ադրբեջանցիների բուռն արձագանքը, իսկ ադրբեջանական Haqqin.az լրատվակայքում նրան երկակի դավաճան անվանեցին, ով նախ դավաճանել է իր ժողովրդին, այնուհետև՝ իրեն «հյուրընկալած» ադրբեջանցիներին։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ սերտ կապեր ունեցող լրատվամիջոցն, ըստ էության, բացեիբաց հայտարարեց, որ հայերի անդամակցելը ԽՀ-ին դավաճանություն է հայ ժողովրդի հանդեպ։

Հայաստանում արձագանքները շատ ավելի զուսպ են. Բաքվի քարոզչական գործողություններին ծանոթ մարդկանց համար Մարտիրոսյանի ասածներում նորություն չկար, իսկ նրա զղջումն, ամենայն հավանականությամբ, կարելի է բացատրել Ադրբեջանից ֆինանսական հորդառատ հոսքերի նվազմամբ (իր ելույթներում նա բողոքում է ինչ-որ միջնորդներից, որոնք ծրագրի համար հատկացված գումարների զգալի մասը գրպանում էին)։

Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում այդ «Հարթակը», և որոնք են դրա իրական նպատակները։

2016 թ. դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին այդ ծրագրի մեկնարկի մասին, որն իբր երկու երկրների քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություն էր և պիտի նպաստեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Այնուամենայնիվ, ինչպես նշվում է ԽՀ կայքում, «խաղաղության հաստատումը» կապվում է հստակ նախապայմանների հետ, որոնք, ըստ էության, կրկնում են արցախյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական ուղերձներն, ուղղակի խաղաղասիրական «փաթեթավորմամբ»: Այդ նախապայմաններն են.

  • «Հայաստանի բռնազավթած 7 տարածքների վերադարձ [Ադրբեջանին]»;
  • «փախստականների վերադարձն իրենց ծննդավայր, իրենց տուն»։

Ինչի դիմաց հարթակի նախաձեռնողները հայերին «մեծահոգաբար» առաջարկում են.

  • Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ Արցախին;
  • անվտանգության երաշխիքներ այդ ինքնավարության հայ բնակիչներին։

Այս ուղերձները, գրեթե նույնությամբ, տարբեր ելույթներում անձամբ հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Օրինակ՝ 2016 թ. հոկտեմբերի 18-ին ռուսական ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հարցազրույցում նա հայտարարել է, որ Արցախը կարող է դառնալ [Ադրբեջանի կազմում] ինքնավար հանրապետություն, իսկ որպես «փոխզիջում» առաջարկել է արցախցիների անվտանգության ապահովում. «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ինչպես ապրել է, թող այդպես էլ ապրի, չէ որ մենք դեմ չենք», — ասել է Ադրբեջանի նախագահը (նույն ուղերձներով ելույթի մեկ այլ օրինակ է Ալիևի հարցազրույցը «Եվրոնյուզին», 23 հունիսի, 2011թ.):

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»

Խաղաղասիրություն թե քարոզչություն. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»

Ուշագրավ է նաև Ադրբեջանի պետական գործիչների և պետական հիմնարկների աշխատակիցների՝ hարթակին միանալու փաստը, ինչպես նաև այն, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարություններ են անում նախաձեռնության մասին, ինչը վկայում է, որ այն պետական ծրագիր է:

Այսպես՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Դևիդ ՄաքԱլիստերի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իրենք Եվրախորհրդարանում և միջազգային այլ կազմակերպություններում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակների» ստեղծման կողմնակից են: «Մենք այդ մասին խոսում ենք և՛ Եվրախորհրդարանում, և՛ կառույցի պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ, և՛ միջազգային այլ կազմակերպություններում», — հաղորդել է Սեիդովի խոսքերը ս. թ. մայիսի 22-ին ադրբեջանական Vzglyad.az լրատվակայքը:

2016 թ. դեկտեմբերին, Համբուրգում, Ադրբեջանի իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ Միլլի մեջլիսի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիևը ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի նստաշրջանին անդրադարձել է հարթակին և կոչ արել ԵԱՀԿ Մինսկի խմբին համագործակցել դրա հետ: Օրեր անց Ադրբեջանի խորհրդարանում նա հորդորել է իր գործընկերներին տեղեկացնել միջազգային կազմակերպություններին այդ «խաղաղասիրական նախաձեռնության» մասին:

Մեկ այլ օրինակ է 2017 թ. փետրվարի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ադրբեջանցի լրագրողի ուղղած հարցը հարթակի մասին: Ի պատասխան՝ Զախարովան նշել էր, որ իրենք բարձր են գնահատում հակամարտությունների կարգավորման գործում ժողովրդական դիվանագիտության դերը, սակայն վերջինիս խոսքերը Moscow-Baku.ru լրատվակայքում ներկայացվել էին «ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատում «Խաղաղության հարթակի դերը» վերնագրով (համեմատության համար տե՛ս ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված ճեպազրույցի սղագրությունը):

Իսկ 2016 թ. դեկտեմբերի 15-ին ադրբեջանական «Թրենդ.ազ» լրատվական գործակալությունը լուր էր տարածել, թե Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը մտահոգություն է հայտնել «արցախցի գրող» Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ (մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն էին տարածել, թե Ներսիսյանը միացել է հարթակին ու այդ պատճառով ձերբակալվել): Դեկտեմբերի 19-ին, ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, Մալենա Մարդը հերքել էր վերոնշյալ լուրը և ասել, որ ոչ մի տեղեկություն չունի այդ հարթակի անդամների և նրանց ձերբակալությունների մասին:

Այսպիսով ակնհայտ է, որ Ադրբեջանի որոշ պետական գործիչներ զբաղվում են միջազգային հարթակներում ԽՀ-ի առաջխաղացմամբ։

Հարթակի Ադրբեջանի համահիմնադիրներից՝ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռովշան Ռզաևը, «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության համաձայն, հայտարարել է, որ փորձում են Հայաստանից որքան հնարավոր է շատ «խաղաղություն ցանկացող մարդ» ներգրավել հարթակում, որպեսզի «իրենց ձայնը լսելի լինի»: Ենթադրաբար, հարթակի քարոզչության թիրախային լսարանը միջազգային հանրությունն է, իսկ հայ մասնակիցներին ընդգրկում են չեզոք դիտորդների աչքերում հարթակի հանդեպ վստահության որոշակի պաշար ստեղծելու համար։

Նշենք նաև, որ ԽՀ օտարերկրացի աջակիցների զգալի մասը ներկայացնում են կառույցներ, որոնք այլ երկրներում գործում են Ադրբեջանի պետական կառույցների ֆինանսավորմամբ:

Այդպիսի աջակից է Մոլդովայում մարդու իրավունքների նախկին պաշտպան Աուրելիա Գրիգորիուն, որին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ շարունակում են ներկայացնել որպես գործող օմբուդսմեն: Նա բազմիցս ցույց է տվել իր ադրբեջանամետ դիրքորոշումը: Օրինակ՝ Երևանում, 2013 թ. հուլիսին ՀՀ Սահմանադրական դատարանի կազմակերպած համաեվրոպական համաժողովին Գրիգորիուն իր ելույթում անվանել է Հայաստանն «ագրեսոր երկիր», իսկ հայերին մեղադրել «ադրբեջանցիների ցեղասպանության» համար: Նկատենք, որ նշված ժամանակաշրջանում Գրիգորիուն դեռևս ՄԻՊ էր, իսկ նման վարքն, ինչպես այս առիթով նշել էր Հայաստանի այդ ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, հակասում է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիայի կանոնադրությանը, որոնց անդամներն են Հայաստանն ու Մոլդովան:

Վերոնշյալ դեպքից կարճ ժամանակ անց Գրիգորիուն արժանացել է ադրբեջանական երեք մրցանակի՝ Հեյդար Ալիևի անվ. ոսկե մեդալի, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվո մեդալի, «Պատմական ստորագրություն» մրցանակի: Հավելենք նաև, որ ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ Գրիգորիուն ներկայումս Մոլդովայում Բաքվի ֆինանսավորմամբ ստեղծված «Բազմամշակութայնության միջազգային կենտրոնի» տարածաշրջանային տնօրենն է, այսինքն ֆինանսապես ուղղակիորեն կախում ունի Ադրբեջանից:

Հարթակի մեկ այլ մասնակից է վրաց պատմաբան Գուրամ Մարխուլիան։ Նա հայտնի է ակնհայտորեն հակահայկական՝ այլատյաց հայտարարություններով (օր.՝ «Այդ ժողովրդին [իմա՝ հայերին] հնարավոր չէ վերադաստիարակել. դավաճանությունը, ուխտադրժությունն իրենց արյան մեջ է») և շատ սիրված է ադրբեջանական քարոզչական հարթակներում:

«Խաղաղասերների» շարքերում է թուրքական «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավար, Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ (և Շվեյցարիայում հայերի ցեղասպանության փաստը ժխտելու համար դատված) Դողու Փերինչեքի որդին՝ Մեհմեդ Փերինչեքը։

Հարթակի աջակիցներից է Ադրբեջանի նախագահին կից ՀԿ-ների աջակցության պետական խորհրդի ֆինանսավորմամբ պատրաստված «Աղդամ՝ հինգ ֆրագմենտ» կոչվող ֆիլմի ռեժիսոր Միշել Իվորը:

Նախաձեռնությանը միացել է նաև ուզբեկ պատմաբան, պատմությունը խեղաթյուրելու իր փորձերով հայտնի Շուհրատ Սալամովը, որը մեղադրում է «հայերին և դաշնակներին» «թյուրք ազգի, այդ թվում՝ ուզբեկների դեմ, ցեղասպանություն կատարելու համար»: 2016 թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական գրադարանում կայացել է պատմաբանի «Թուրքեստանը և Հարավային Կովկասը XIX-XX դարերում. դաշնակները Ֆերգանայից մինչև Ղարաբաղ» և «Ղարաբաղ. գաղափարների պատերազմ» գրքերի շնորհանդեսը:

Հարթակի մասնակիցներից է «Ադրբեջանի ընկերներ Կենտրոնական և Հարավային Իտալիայում» կազմակերպության նախագահ Ֆաբրիցիո Կոլամոնչինին, փոխնախագահ՝ լրագրող Դոմենիկո Լետիցիան և քարտուղար Ջուզեպպե Փեռարոն:

ԽՀ-ին աջակցում են նաև «Հունաստան-Ադրբեջան երիտասարդական կենտրոնի» նախագահ Իոաննիս Պապագրիգորիուն, Իսրայելի և Ադրբեջանի առևտրաարդյունաբերական պալատի անդամ Լև Ափելբաումը (ծնունդով Ադրբեջանից է, բնակվում է Իսրայելում), «Լեհաստան-Ադրբեջան համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Դավիթ Սեսուդան, Վրաստանի «Ադրբեջանցի ուսանողների ասոցիացիայի» նախագահ Սամիրա Իսմայիլովան, «Լեհաստան-Ադրբեջան համագործակցության ասոցիացիայի» Պոզնանի մասնաճյուղի նախագահ և 2017 թ. մարտից Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» հրավիրված գիտաշխատող Վիտոլդ Օլեյնիկը, ևն:

Հարթակին է միացել «Հայ-ադրբեջանական հակամարտություն. պատմությունը և արդիականությունը» գրքի հեղինակ Ռուսլան Շևչենկոն: Գրքի շնորհանդեսը կայացել է Մոլդովայում Ադրբեջանի դեսպանության հովանավորությամբ Խոջալուի դեպքերի հերթական տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էին վերոհիշյալ Աուրելիա Գրիգորիուն, Մոլդովայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները ևն:

Հարթակի ադրբեջանական կողմի համահիմնադիրներներն են.

  1. «Հասարակայնության հետ կապերի զարգացման օժանադակություն» ՀԿ նախագահ, հայատյացություն սերմանող հոդվածներով ու ծրագրերով հայտնի Շելալե Հասանովան, որն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ իրականացնում է «Համացանցում Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտության տարածում» կոչվող նախագիծը՝ փորձելով ապացուցել, թե, «Հայաստանի տարածքը պատմականորեն Ադրբեջանինն» է: 2015 թ. մայիսին ադրբեջանական մամուլում հրապարակվել էր պնդում, որ Ադրբեջանի «Պետական դրոշի» համալիրի ղեկավար Ռաշադ Մամեդովը կիսով հայ է (ըստ աղբյուրի նրա մայրը հայ էր, սակայն անունը կեղծել էին՝ Մարտիրոսովան դարձնելով Մամեդովա Աիդա): Հասանովան պաշտոնյային մեղադրեց իշխանության և Իլհամ Ալիևի նկատմամբ ատելություն սերմանելու, իր ղեկավարած AzImport ընկերության միջոցով «խեղճ բնակչության» նկատմամբ «ահաբեկչություն» կատարելու, բարգավաճող Ադրբեջանում համընդհանուր վախ ու պառակտում տարածելու համար: Հասանովան անվանում էր նրան «դաշնակ Մամեդով»։

    Իսկ 2016 թ. մայիսին, Ռիգայում գիտաժողովի ժամանակ, Հասանովան հանդես է եկել հայերի ցեղասպանության մասին ժխտողական զեկույցով՝ պնդելով, թե «ցեղասպանություն չի եղել, դավաճանների և ապստամբների տեղահանում է եղել, որի ընթացքում մարդկանց մի մասը զոհվել է»: Զեկույցը բուռն քննադատությունների էր արժանացել: (Տե՛ս, օրինակ՝ գիտաժողովի մասնակից Մարկ Բերնշտեյնի հարցազրույցը Panorama.am-ին):

  2. Ինչպես արդեն նշվեց, Միլլի մեջլիսի պատգամավոր, Իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով կոմիտեի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևը:
  3. Բաքվի պետական համալսարանի Քրեագիտության ամբիոնի վարիչ Քյամիլ Սալիմովը: Ինչպես և Հասանովան, նա պնդում է, թե Հայոց ցեղասպանությունը հորինել են հայերը, որպեսզի հոգեբանորեն արդարացնեն «Ադրբեջանի տարածքների բռնազավթումը» և դրա նկատմամբ «ագրեսիան», ինչպես նաև քաղաքական ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ վերջինիս հետ սահմանը բացելու նպատակով: Սալիմովն անընդհատ հայտարարում է, թե, իբր, իրավական հիմքեր չկան Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հարթակի մեկ այլ աջակից է Ադրբեջանի լրագրողների միության փոխնախագահ Ռասիմ Աղաևը:

2017 թ. փետրվարի 16-ին «խաղաղասերներին» է միացել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Միլլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան: Իսկ 8 օր անց՝ փետրվարի 24-ին, ինչպես գրում է ադրբեջանական Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքը, «խաղաղատենչ» երգչուհին Ադրբեջանի խորհրդարանում կոչ է արել կռվել և ոչնչացնել հայերին. «Մերոնք, միևնույն է, մահանում են… Ի՞նչ են փոխում այս բանակցությունները: Ոչինչ: Եկե՛ք վերջապես պայքարենք: Հայերը զավթել են մեր հողերը: Դա մեր տունն է, նրանք ներխուժել են մեր տուն: Եկե՛ք կռվենք և ոչնչացնենք նրանց…»:

Հարթակին ի սկզբանե միացել է «Դիլյարա Ալիևայի անվ. կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ» Նովելլա Ջաֆարովան, որի անմիջական նախաձեռնությամբ իրականացվել է Վահան Մարտիրոսյանին Ադրբեջանում ընդունելը: Ջաֆարովան պատմել է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքին, որ դիմել է պատգամավոր Ազայ Գուլիևին, որը լուծել է ապաստան տալու հարցը:

«Խաղաղասիրական» այս նախաձեռնության մասնակիցներից է ադրբեջանցի պատմաբան, հակահայ քարոզիչ և կեղծարար Ռիզվան Հուսեյնովը: Ըստ ադրբեջանական Contact.az կայքի՝ ապրիլի 25-ին Բաքվում կայացած «2016 թվականի ապրիլյան մարտեր. դասեր և եզրակացություններ» միջոցառման ժամանակ «խաղաղասեր» Հուսեյնովն, ի թիվս մի շարք այլ մասնակիցների, կոչ էր անում ակտիվ ռազմական գործողություններ վարել, բայց համատեղելով դրանք «ագրեսիվ դիվանագիտության» և ադրբեջանական հանրության գործողությունների հետ, որոնց նպատակը պիտի լինի հայ լսարանին պարտվողական քարոզչություն հասցնելը:

Հարթակին աջակցում է նաև Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատող, դեռ խորհրդային ժամանակներից իր կեղծարարությամբ հայտնի պատմաբան Ֆարիդա Մամեդովան: Դեռ 1991 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ու Երևանի պետական համալսարանը մի ամբողջ գիտական ժողովածու էին հրատարակել Մամեդովայի և իր գործընկերներին պատասխանելու համար։

Նախաձեռնության մեկ այլ անդամ է լրագրող, նախկին քաղբանտարկյալ Ռաուֆ Միրկադիրովը, որին 2014 թ. ապրիլին ձերբակալել էին Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով և դատապարտել վեցամյա ազատազրկման, իսկ 2016 թ. մարտին վաղաժամ ազատ արձակել: Ակնհայտ է, որ ազատությունը ցանկացած պահին կորցնելու սպառնալիքի տակ գտնվող լրագրողն ազատ ընտրության հնարավորություն չունի և ուղղակի ստիպված է եղել միանալ հարթակին:

Ինչ վերաբերում է հարթակին աջակցություն հայտնած հայ մասնակիցներին, ապա դրանց մի մասի անունները ոչ մի բան չեն ասում հայ ընթերցողի լայն շրջանակներին (օրինակ՝ Բաքվում ծնված, Ուկրաինայում բնակվող Արթուր Աղաջանովը և իր հայրենակից Էրիկ Խաչատուրովը, որն այժմ բնակվում է Սանկտ Պետերբուրգում, կանադաբնակ Ժանետ Հակոբյանը, ռուսաստանաբնակ Էդուարդ Վարդանովը ևն) կամ էլ ընդհակառակը՝ օդիոզ կերպարների համբավ ունեցող մարդիկ են (օր.՝ որպես վտարանդի հայ գրող ներկայացող Վահե Ավետյանը, ինչն իրեն չի խանգարում ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստան)։

Որոշ դեպքերում էլ, ինչպես արդեն նշել ենք, «խաղաղասերների գլխաքանակ» ապահովելու համար հայտարարվել է իրականում գոյություն չունեցող մարդկանց միանալու մասին: Օրինակ՝ երիտասարդ մի ուկրաինացու ներկայացրել են որպես «Արամ Կարապետյան», իսկ ադրբեջանցի Ալյոնա Աբդուլլաևային՝ որպես «Անահիտ Սինանյան»: Չի բացառվում, որ ԽՀ-ում կան և այլ հնարած կերպարներ, այդ թվում օտարերկրացիների և ադրբեջանցիների թվում:

Բացի այդ արձանագրվել են դեպքեր, երբ ԽՀ-ն ապատեղեկատվություն է տարածել հարթակին իբր միացած հայերի մասին, որոնք հետագայում հերքել են իրենց մասնակցությունը:

Շեշտենք նաև, որ հարթակի հայ մասնակիցները՝ Վահե Ավետյանը, Սյուզան Ջաղինյանը, Վահան Մարտիրոսյանը ևն ակտիվորեն ներգրավված էին/են հակահայկական քարոզչությանը: Օրինակ՝ պատերազմական քարոզչության՝ «դիրքերը լքելու կոչ» ժանրի տիպիկ նմուշ է ադրբեջանական կողմի մի քանի ամիս առաջ հրապարակած քարոզչական հոլովակը, որում Ջաղինյանը, Մարտիրոսյանը և Ս. Ջուլհակյանը դիմում են հայ զինվորներին, փորձելով համոզել վերջիններիս, թե «Ադրբեջանն իրենց թշնամին չէ… իրենք արյուն են թափում ուրիշի հողի համար… կառավարությունը զինվորներին ուղարկում է սահման, որպեսզի սահմանում շարունակի հայ ազգի կոտորածը…»:

Այսպիսով, կարելի է վստահորեն պնդել, որ ԽՀ-ն որևէ աղերս չունի խաղաղասիրության հետ, այլ ստեղծված է միջազգային հանրության աչքերին «խաղաղասիրական» թոզ փչելուն՝ միաժամանակ առաջ տանելով պաշտոնական Բաքվի քաղաքական ուղերձները: Իսկ հարթակի հայ մասնակիցներից մի քանիսն ընդգրկված են Հայաստանի, հայկական զինված ուժերի դեմ վարվող հոգեբանական-տեղեկատվական գործողություններում։

Սույն հոդվածի համար անհրաժեշտ ուսումնասիրությունը կատարվել է «Զորակն» գիտակրթական հիմնադրամի՝ 2017 թ. փետրվարի 21-ից ապրիլի 8-ը անցկացրած «Ադրբեջանը լուրերում» դասընթացի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *