Վրաստանը մասնավոր ընկերություններին կվերադարձնի 2012 թ. խլած ինքնաթիռ և ուղղաթիռները

Վրաստանի գլխավոր դատախազության որոշմամբ այդ երկրի պաշտպանության նախարարությունը պարտավորվում է վրացական Fly Adjara և Aviator մասնավոր ընկերություններին վերադարձնել 2012 թ. անօրինական ճանապարհով նրանցից բռնագրաված 3 միավոր Comp Air 8/10 ինքնաթիռ, 3 միավոր EXEC 162F ուղղաթիռ, ինչպես նաև 10 ուղղաթիռի հավաքման համար պահեստամասեր:  Այս մասին հունիսի 2-ին հայտնել է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը:

 Rotorway Exec 162F ուղղաթիռ

Rotorway Exec 162F ուղղաթիռ

Մինչև 2012 թ. Fly Adjara ընկերությունը Բաթումիի օդանավակայանում ուներ 10 միավոր Exec 162 ուղղաթիռ: Նույն օդանավակայանում տեղակայված էին նաև Aviator ընկերության 1-ական միավոր  Comp Air 8 և Comp Air 10 ինքնաթիռ և 3 միավոր Exec 162 ուղղաթիռ:

Սակայն 2012 թ. Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի և ռազմական ոստիկանության անօրինական ճանապարհով բռնագրավել են նշված տեխնիկան և տեղափոխել Վրաստանի պետական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի «31-րդ ավիագործարան»:

Comp Air 8 ինքնաթիռ

Comp Air 8 ինքնաթիռ

5 տարի տևած հետաքննության արդյունքում Վրաստանի գլխավոր դատախազությունը ՊՆ-ին պարտադրել է վերադարձենլ ինքնաթիռները, 3 ուղղաթիռ, ինչպես նաև ևս 10 ուղղաթիռի հավաքման համար պահեստամասեր: Սակայն առայժմ չի նշվում, թե տեխնիկայի բռնագրավման համար ով պետք է պատասխանատվություն կրի: Բռնագրավման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարը Դմիտրի Շաշկինն էր:

Ավելացնենք, որ տարօրինակ զուգադիպությամբ, «Դելտան» 2015 թ. ներկայացրել էր սեփական արտադրության անօդաչու թռչող ուղղաթիռ, որի հիմքում ընկած էր հենց նշված Exec 162 ուղղաթիռը:

Վրաստանյան «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի նոր ԱԹՍ-ն

Վրաստանյան «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի նոր ԱԹՍ-ն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *