2017թ․ մայիսին PKK-ի հետ բախումներում սպանվել է 13 թուրք զինծառայող. Anadolu

Մայիսի 1-31-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 13 զինծառայող, ևս 46 ուժային վիրավորվել է և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը՝ ավերված թուրք-քրդական բախումների հետևանքով. (արխիվ)

Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ 2017-ի մայիս ամսվա ընթացքում քրդական կառույցի դեմ գործողությունների հետևանքով «շարքից հանվել է» PKK-ի 274 զինյալ: Բացի այդ, ձերբակալվել են «Քրդստանի աշխատավորական կուցակցության» հետ կապ ունենալու մեջ մեղադրվող 423 կասկածյալ, այդ թվում նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) և «Դեմոկրատական շրջաններ կուսակցության (DBP) անդամներ, ղեկավարներ:

Հաշվի առնելով քրդերի հետ բախումներում կորուստների լուսաբանման թուրքական պաշտոնական փորձը՝ այս տեղեկությունները կարող են թերի լինել, իսկ քրդական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները՝ իտումնավոր ուռճացված։

Բացի այդ, չի բացառվում, որ թուրքական կողմի նշած տվյալներում ընդգրկված են ոչ միայն PKK-ի անդամ զինյալները, այլև խաղաղ քաղաքացիականներ, որոնք մահացել են Թուրքիայի ուժայինների գործողությունների հետևանքով: Նմանատիպ դեպքեր ևս արձանագրվել են 2015 թ․ թեժացած թուրք-քրդական բախումների ընթացքում թուրքական կողմի լուսաբանման քաղաքականությունում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ուժայինները նոր գործողությունները են իրականացնում քրդական PKK-ի դեմ երկրի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներում:

Թուրքիայի ուժայինների և քրդական կառույցի բախումները վերսկսվել են դեևս 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր են ավերվել, 350-500 հազար մարդ ստիպված է եղել տեղահանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *