Ռուսաստանը պատրաստ է Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր վաճառել Թուրքիային. ՌԴ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր վաճառել Թուրքիային, իսկ այդ համակարգերի համատեղ արտադրությունը Թուրքիայի տարածքում կապված է թուրքական ռազմարդյունաբերության հնարավորությունների հետ: Այս մասին հունիսի 1-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

«Մենք քննարկել ենք Ս-400 ՀՕՊ համակարգերի վաճառքի հնարավորությունը: Մենք պատրաստ ենք դրան: Իսկ ինչ վերաբերում է այդ համալիրների համատեղ արտադրությանը, ապա դա հարց է, որը կապված է թուրքական ռազմարդյունաբերության պատրաստության հետ: Մենք նման տեխնիկա դեռևս սահմաններից դուրս չենք արտադրում»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով թուրքական պետական «Անադոլու» գորածակալության ներկայացուցչի հարցին:

Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական կոմիտեի քարտուղար Դմիտրի Ռոգոզինն էլ նույն ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանագիր չի կնքել Ս-400 ԶՀՀ-ների վաճառքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայում քննարկում են Ս-400 համակարգերի համատեղ արտադրության հարցը: Նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ թուրքական կողմը ոչ միայն փորձում է գնել Ս-400 ԶՀՀ-ներ, այլև փորձում է Ռուսաստանից ստանալ համակարգերի արտադրման–հավաքման տեխնոլոգիաներ:

Դեռևս 2016-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից թուրքական կողմը հայտարարում է Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնման ցանկության մասին: Այդ հարցը քննարկվել է արդեն մի քանի անգամ, այդ թվում նաև երկու անգամ քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները 2017-ի մարտին և մայիսին կայացած հանդիպումների ժամանակ:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան հայտարարել է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: 2013 թ. այդ մրցույթը շահել էր չինական ընկերություններից մեկը: Սակայն անցյալ տարի այդ ընկերության հետ համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին:

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չէին համաձայնում Թուրքիային վաճառել իրենց ՀՕՊ համակարգերը, քանի որ թուրքական կողմը նրանցից ևս ցանկանում էր ստանալ համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ:

Միևնույն ժամանակ թուրքական կողմը բազմիցս հայտարարել է տեղական ՀՕՊ համակարգերի արտադրության մասին: 2017-ի մայիսի 30-ին Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ տեղական արտադրության ՀՕՊ համակարգի ստեղծման նախաձեռնությունը շարունակվում է, սակայն դա բավականին երկար ժամանակ կտևի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *