Թուրքիան ներկրում է ռազմական նշանակության արտադրանքի 40 տոկոսը. Թուրքիայի ՊԱԳՎ

Մայիսի 31-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ վերջին 15 տարվա ընթացքում ռազմական արդյունաբերության ոլորտում այլ երկրներից Թուրքիայի կախվածությունը 80 տոկոսից նվազել է մինչև 40 տոկոս: Փոխանցում է թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը:

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

«2016-ի ընթացքում ռազմական արդյունաբերությունը 5,9 միլիարդ դոլարի արտադրանք է արտադրել և արտահանել է 1,7 միլիարդ դոլարի արտադրանք: 2002-ին արտահանումը 250 միլիոն դոլարի էր, իսկ ներկայում այն հասել է 1,7 միլիարդ դոլարի»,-նշել է Դեմիրը:

Իսմայիլ Դեմիրը նաև հայտնել է, որ 2017 ընթացքում ռազմական արդյունաբերության քարտուղարությունը նախատեսում է 500 նախագիծ իրականացնել: Այդ նախագծերից արդեն 303-ի համար պայմանագիր է կնքված, որոնց ընդհանուր գումարն էլ կազմում է 130 միլիարդ դոլար:

Ըստ նրա՝ այլ պետություններից կախվածությունը էլ ավելի նվազեցնելու համար ռազմական արդյունաբերության հովանավորության ներքո ընկերություններ են ստեղծվում: Ըստ Դեմիրի՝ այդ գործընթացի համար ռազմական արդյունաբերությունը նաև փոքր և միջին ձեռնարկությունների կարիքն ունի:

Ստամբուլի արդյունաբերական պալատի գործադիր խորհրդի նախագահ Էրդալ Բահչիվանն էլ հայտարարել է, որ շուրջ 900 միլիոն դոլար էլ ծախսվել է գիտահետազոտական աշխատանքների համար: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Մայիսի 30-ին Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարը հայտնել էր, որ Թուրքիան աշխարհում մեծ տեղ չի գրավում որպես ռազմական արտադրության արտահանող երկիր, սակայն շարունակում է աշխատանքներն ու ջանքերը արտահանումը մեծացնելու հարցում:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թ. հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այլ երկրներից պաշտպանական նշանակության արտադրանքների ներկրումը հասել է շուրջ 40 տոկոս: Այս հայտարարություններից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում Թուրքիան դրսից կախվածությունը գրեթե չի նվազեցրել:

Հավելենք, որ 2016 թ. տվյալներով՝ Թուրքիան 2015 թ. այլ երկրներից ներկրել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի պաշտպանական և ավիացիոն նշանակության տեխնիկա, արտադրանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *