ԻՊ զինյալները պատրաստվում են Մոսուլ քաղաքի մզկիթի համար Իրաքի բանակի հետ բախումներին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքի Ալ-Նուրի մզկիթ տանող փողոցները, որպեսզի կանխեն կառավարական ուժերի մուտքը այդ մզկիթ: Այս մասին մայիսի 31-ին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրաքի կառավարական բանակը շարունակում է մարտերը ԻՊ դեմ Մոսուլ քաղաքը ամբողջովին ազատագրելու համար

Իրաքի կառավարական բանակը շարունակում է մարտերը ԻՊ դեմ Մոսուլ քաղաքը ամբողջովին ազատագրելու համար

Տեղի բնակիչների խոսքով՝ ԻՊ զինյալները սկսել են պատնեշներ կառուցել մզկիթի հարակից տարածքներում: Այս մզկիթը Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» ձեռքին մնացած ամենակարևոր և ամենավերջին կետերից մեկն է:

Մզկիթը կարևոր է այն պատճառով, որ այստեղից է 2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին:

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ: 2017-ի հունվարին Իրաքի ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Մոսուլ արևելյան հատվածում, ինչին հաջորդել է արևմտյան հատվածի ազատագրման համար գործողությունները

2017-ի մայիսի կեսերի դրությամբ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի մոտ 90 տոկոսը, զինյալների վերահսկողության տակ այժմ մի քանի թաղամաս է մնացել, որոնց մեջ է նաև Ալ-Նուրի Մեծ մզկիթը:

Իրաքի կառավարական բանակը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն մզկիթը ազատագրել ԻՊ-ից մուսուլմանների համար սուրբ համարվող «Ռամադան» ամսվա ընթացքում:

Իրաքի Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ  քաղաքը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *