Մայիսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Դիարբեքիր, Շրնաք նահանգներում և Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:
Համաձայն թուրքական կողմի տրամադրած տվյալների՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 5 զինյալ և նրանց կրակակետերն ու թաքստոցները:
Դիարբեքիրում թուրքական օդուժը հարվալե է Լիջե գավառում տեղակայված քրդերի դիրքերի ուղղությամբ:
Մայիսի 22-ից Թուրքիայի ուժային կառույցները նոր ռազմական գործողություններ են սկսել Դիարբեքիր նահանգի 4 գավառում, այդ թվում նաև Լիջե գավառում: Գործողություններին ներգրավվել է շուրջ 10000 ուժային:
Քրդական ուժերի և Թուրքիայի ուժային կառույցների միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից և շարունակվում են մինչև այժմ հիմնականում արևելյան և հարավարևելյան նահանգներում: Բախումների հետևանքով երկու կողմերն են տալիս են մարդկային և նյութական կորուստներ: Երկրի այդ հատվածներում մի շարք բնակավայրեր ավերվել են, 350-500 հազար մարդ էլ ստիպված է եղել տեղահանվել: